Ղարաբաղցի ազատամարտիկները և երիտասարդները պատրաստ են անհապաղ մեկնել առաջնագիծ

02.04.2016, 17:35
Ղարաբաղցի ազատամարտիկները և երիտասարդները շաբաթ օրը վաղ առավոտից հավաքվել են Ստեփանակերտում գտնվող Արցախի Ազատամարտիկների միության շենքի մոտ` ցանկություն հայտնելով անհապաղ մեկնել առաջնագիծ:
Ղարաբաղցի ազատամարտիկները և երիտասարդները պատրաստ են անհապաղ մեկնել առաջնագիծ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղցի ազատամարտիկները և երիտասարդները շաբաթ օրը վաղ առավոտից հավաքվել են Ստեփանակերտում գտնվող Արցախի Ազատամարտիկների միության շենքի մոտ` ցանկություն հայտնելով անհապաղ մեկնել առաջնագիծ, հայտնում է artsakhpress.am-ը:

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ Ալվարո Շեքյանը հայտարարել է, որ ազատամարտիկների շրջանում արդեն իսկ գրանցված են հարյուրավոր կամավորականներ, որպեսզի անհապաղ մեկնեն առաջնագիծ:

«Մենք բոլորս պատրաստ ենք և սպասում ենք ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության հրահանգին ու անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք անհապաղ մեկնել առաջնագիծ», - նշել է Շեքյանը:

Նա հայտարարել է, որ սա Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական թշնամական ագրեսիան է:

«Չեմ հասկանում, թե ադրբեջանցիները քանի անգամ պետք է պարտություն կրեն, որպեսզի վերջնականապես հասկանան, որ նրանք թույլ են, չգիտեն պատերազմել և չեն կարող մեզ հաղթել», - ասել է Շեքյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։ -0-