Արցախի ԱԳ նախարարը նշել է հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։ Այդ մասին նախօրեին՝ մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 ամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Իր խոսքում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու այդ իրադարձությանը, ինչպես նաև ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որոնք անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։
Այդպիսով, ըստ նրա, պայմաններ ստեղծվեցին, որպեսզի միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:
Ինչպես հայտնում է Արցախի ԱԳՆ-ն, Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, ինչպես նաև բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել, որ նշված համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:
Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է նաև 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Իր խոսքում ԱԳՆ ղեկավարը նաև առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:
Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար:-0-