Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ իբր ադրբեջանական ԶՈւ–ն ԼՂ տարածքում տարբեր բնակավայրեր է գրավել. ՀՀ ՊՆ

02.04.2016, 17:50
Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք:
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ իբր ադրբեջանական ԶՈւ–ն ԼՂ տարածքում տարբեր բնակավայրեր է գրավել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն, Facebook–յան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք», – նշում է Հովհաննիսյանը:

Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։–0–