ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ալխանլու գյուղի մոտակայքում տեղակայված կրակակետի տեսանյութը (ՎԻԴԵՈ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՀ ՊՆ հրապարակել է տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը։
«Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ», – նշվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երևույթ չէ: Դեռևս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր», – նշում է գերատեսչությունն ու կարևոր համարում ևս մեկ անգամ նշել, որ «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել»։
«Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու մեր մարտավարությանը, ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Սրանից բխող հետևությունները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:–0–