Ամանորը Հայաստանում առանց սթրեսի և պարտքերի․ պրակտիկ խորհուրդներ հոգեբանից
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Շուտով Ամանոր է։ Այս գեղեցիկ տոնի մշակույթը Հայաստանում, կարծես, անշրջելիորեն փոխվում է: Բազմաթիվ ազգականների այցելություններով և ավանդական հայկական սեղանով Ամանորին փոխարինելու է գալիս ճանապարհորդությունների և այլ երկրներում Ամանորը տոնելու ավանդույթներին ծանոթանալու մշակույթը։
Սակայն այս դրական փոփոխությունները նոր հոգեբանական մարտահրավերներ է առաջացրել: «Նովոստի–Արմենիա»-ի հետ հարցազրույցում հոգեբան Աննա Բադալյանն անդրադարձել է տոնական ավանդույթների էվոլյուցիային, վերլուծել ամանորյա «ճանաչողական փախուստի» դրդապատճառները և տվել գործնական խորհուրդներ, թե ինչպես վայելել տոներն ու վերադառնալ աշխատանքի՝ առանց սթրեսի ու պարտքերի։
Ա․ Բադալյան․ հոգեբանական դիտարկումներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերի շրջանում Ամանորի մշակույթը փոխվել է։ Եթե նախկինում Ամանորը հաճախ նշանակում էր երկար օրեր, խնջույքներ և խրախճանքներ, կամ էլ, ընդհակառակը, ձանձրույթ նույն սեղանից, ապա հիմա դա այդպես չէ։ Մարդիկ այժմ ավելի շատ են ուշադրություն դարձնում ճանապարհորդելուն, այլ մշակույթների հետ շփվելուն և այլ ժողովուրդների ամանորյա ծեսերին ծանոթանալուն։ Լավ սեղան պատրաստելու մրցավազքը, կարծես, որոշակիորեն նվազել է։
Նաև մեծ դեր է խաղում երիտասարդ սերունդը, որը բերեց իր հետաքրքրությունները Ամանորի հետ կապված։ Ու կարելի է ասել՝ հիմա կարող է անհանգստություն և սթրես լինել ճանապարհորդելու հետ կապված, որպեսզի հնարավոր լինի ճիշտ վայր գտնել Ամանորը տոնելու համար։ Իհարկե, չենք ժխտում, որ Ամանորն ընտանեկան տոն է ու առաջնային և շատ կարևոր է ընտանիքի անդամների հետ նշել, շնորհավորել, պահպանել ընտանեկան ավանդույթները։ Այդ ամենը կա, բայց ամեն դեպքում՝ հստակ ասում եմ, որ այդ մշակույթն առաջվանը չէ՝ դրական առումով։
«Նովոստի–Արմենիա»․ նշեցիք, որ շատերը նախընտրում են երկրից դուրս տոնել Ամանորը։ Ձեր կարծիքով, մարդիկ փնտրում են նորություննե՞ր, թե՞ փախչում են ավանդույթներից։
Ա․ Բադալյան․ երկուսն էլ։ Բոլորս էլ ունենք այդ ձգտումը, պահանջմունքը` ինչ-որ տեղ այս իրավիճակից դուրս գալ, որը հոգեբաններն անվանում են` «կոմֆորտ գոտի», այն նաև կարող է դրական չլինել, լճացում ստեղծել, այսինքն` այդ գործոնը կա իհարկե։ Դուրս գալ այդ միջավայրից, նորություն տեսնել։ Եկեք չմոռանանք, որ կա նաև ճանաչողական գործոնը։ Հիմա շատ է ավելացել դեպի Եվրոպա գնալը․ դա արդեն ճանաչողական է։ Մենք չենք կարող ասել, որ այն ուղղակի փախուստ է, կարող է լինել «ճանաչողական փախուստ», այսինքն՝ փախուստ վերադարձով։
«Նովոստի–Արմենիա»․ Նոր տարին հատկապես հայերի մոտ հիմնականում ասոցացվում է ամանորյա ուտեստների հետ, հյուր գնալիս պարտադիր պայման է լինում բոլոր ուտեստներից օգտվելը: Ինչպե՞ս այս ավելորդ սթրեսից խուսափել։
Ա․ Բադալյան․ դա նախ և առաջ հյուրասիրությունն է․ մենք գերհյուրասեր ենք։ Եթե մի քիչ ենթատեքստով էլ նայենք, այդքան պատրաստել ենք, հո չի՞ փչանա։ Մարդիկ գալիս են, թող հյուրասիրվեն: Հետո փոխվել է նաև սեղանի պարունակությունը, սեղանի գեղեցիկ ձևավորումն է լավացել մեզ մոտ, ու ավելի շատ բոլորին գրավում է այդ գեղեցիկ մատուցումը։
Բացի այդ, հյուրասիրելու մշակույթն էլ պետք է սահման ունենա։ Պարտադիր չէ սեղանը ծանրությունից ճոճվի։ Այո, թող գեղեցիկ մատուցված լինի, թեթև ու կարևորը հարգանքով։ Հյուրը եկել է, դու իրեն ինչ-որ բան հրամցնում ես, հյուրասիրում ես, իր հետ կիսում ես հացդ։ Դա շատ կարևոր է:

«Նովոստի–Արմենիա»․ շատերը նաև վախենում են գիրանալուց Ամանորի ընթացքում: Ինչպե՞ս կարելի է խուսափել այս ավելորդ սթրեսից:
Ա․ Բադալյան․ գիրանալը լրիվ այլ թեմա է: Շատ հետաքրքիր է, որ բացի որոշակի նյութափոխանակության խանգարումից, այստեղ կա նաև հոգեբանական գործոն։ Ավելի լավ է ոչ թե վախենալ, այլ մշակել որոշակի սննդակարգ, հետևել որոշակի կանոնների։ Պարզապես պետք է լինել մի փոքր հետևողական և պարտաճանաչ։
«Նովոստի–Արմենիա»․ շատերը Ամանորն ընկալում են նաև որպես «պարտավորություն»: Ո՞րն է պատճառը, և ի՞նչպես դուրս գալ այդ սթրեսից:
Ա․ Բադալյան․ եթե մարդը զգում է պարտավորություն, պարտքի, պատասխանատվության զգացում սեփական անձի, սեփական գործի, ուրիշների նկատտմամբ, դա արդեն որոշակի ախտանիշ է։
Ախտանիշ է նաև, երբ անձն ընկնում է ծայրահեղությունների մեջ։
Իսկ եթե մարդը սոցիալականացված է, որոշակի հարցերին վերաբերվում է իրատեսորեն, կարողանում է ճիշտ կողմնորոշվել, դա կարող է վերածվել ուղղակի փոքրիկ թեյի, սուրճի սեղանի, որի շուրջ կարելի է ջերմ զրուցել, քննարկել, վերլուծել։ Շատ հաճախ մեր այս զբաղվածության ժամանակ տոնից տոն ենք իրար տեսնում, ու հենց այնպես նստելն էլ մի տեսակ գեղեցիկ չէ․ մարդիկ հարգել են, եկել են։ Գեղեցիկ սուրճի, թեյի սեղանի շուրջ կարելի է խոսել, զրուցել։ Մարդիկ իրար հանդեպ նույնիսկ այդ ներքին պարտավորվածությունը և լարվածությունը չեն զգա:
«Նովոստի–Արմենիա»․ նշեցիք հենց բարեկամներին, որ վաղուց չեն տեսնում միմյանց և հանդիպում են Ամանորին։ Երբեմն պետք է հասցնել բոլորի տուն գնալ, և դա էլ իր հերթին է սթրես առաջացնում, որ ոչ ոք չնեղանա։
Ա․ Բադալյան․ հիմա մշակված մի այսպիսի ձև կա․ բարեկամներով հավաքվում են ռեստորանում, Նոր տարի նշում և էլ ոչ մեկը ոչ մեկի տուն չի գնում։ Իհարկե, կար շրջան, որ պարտադիր էր բոլոր բարեկամների տուն գնալ, հետո հետադարձ իրենք իրենց տուն և այլն։ Դա կենսաձև է։ Մարդիկ կան, որոնց մոտ այդ կենսաձևը երևի դժվարությամբ փոխվի: Նոր սերունդն ավելի պրակտիկ լուծումներ կգտնի։ Բնականաբար, այդ ամենը գալիս է ներքին մշակույթից, ներքին ձևաչափից, կյանքի որակից։

«Նովոստի–Արմենիա»․ նաև տարածված է այն մշակույթը, որ Ամանորը նշում են թեկուզ պարտքերով, վարկերով։ Ի՞նչ եք կարծում սա նույնպես իր հերթին հանգեցնում է սթրեսի։
Ա․ Բադալյան․ բնականաբար դա սթրես է, երկարատև, նույնիսկ տագնապային իրավիճակ է, դյուրագրգռվածություն է: Ինձ երբեմն թվում է, որ այդ ամենն անցյալում է, որովհետև մարդիկ հասկանում են, որ անիմաստ է։ Եթե նույնիսկ կա նման երևույթ, ցավալի է: Պատկերացնում եմ նման մարդկանց հուզական վիճակը, անհանգստությունը, տագնապը։ Բայց ամեն դեպքում եկեք ընդունենք, որ Ամանորը և Հարության տոնը միակ տոներն են Հայաստանում, որոնց ժամանակ մարդկանց մոտ իսկապես տոնի զգացողություն է։ Հատկապես Ամանորն ավելի առանձնակի պետք է նշվի: Ով ինչպես է որոշում տոնել, իր անձնական ճաշակն է, իր որոշումն է, բայց որ տոնը պետք է լինի, կարևոր է։ Տոնը պետք է լինի, որպեսզի մարդը կարողանա իր սոցիալական գործընթացը կատարել, քանի որ առանց դրա անհնար է։
«Նովոստի–Արմենիա»․ իսկ ինչպե՞ս պահպանել տոնի իրական խորհրդանիշը։
Ա․ Բադալյան․ տոնի զգացողությունը պետք է հոգում լինի։ Պետք է լինեն ոչ անսահման կենացներ, այլ հումոր, ծիծաղ, երգ, պար, տարբեր խաղեր։ Ամանորին անհրաժեշտ է ստեղծել ժամանցի հրաշալի մթնոլորտ։

«Նովոստի–Արմենիա»․ ինչպե՞ս տոներից հետո վերադառնալ աշխատանքի։
Ա․ Բադալյան․ դա լուրջ սթրես է: Հիմա, երբ երկար արձակուրդային օրերը կրճատվել են, կարծես, ավելի հեշտ է դառնում։ Առաջին օրն է դժվար․ հոգեբանության մեջ գոյություն ունի 5 րոպեի էֆեկտը, երբ մի բան չես կարող անել, դժվարությամբ 5 րոպե քեզ տրամադրում ես, բոլոր հոգեկան, իմացական գործընթացները, ուշադրությունը սկսում ես կենտրոնացնել ու առաջ գնալ, 6-րդ րոպեին ինքն իրեն արդեն ստացվում է։ Այնպես որ այդ սթրեսն էլ կարելի է հաղթահարել ու հանգիստ վերադառնալ աշխատանքի։

