Համարանիշներ է հափշտակել ու թողել Telegram–ի հասցե․ 45–ամյա օտարերկրացին հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)

20.05.2025, 13:12
45–ամյա տղամարդը գողացել է Երևանի բակերում կայանված մեքենաների համարանիշները, թողել Telegram–ի հասցե ու պահանջել գումար․ ՎԻԴԵՈ
Համարանիշներ է հափշտակել ու թողել Telegram–ի հասցե․ 45–ամյա օտարերկրացին հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները:Ընդ որում, առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները:

Այս և գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ:

Արաբկիրի համայնքային ոստիկանները բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին` ժամը 5.20-ին, մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը:

Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև «Միցուբիշի» մեքենայի համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով ևս երեք ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին և 7-ին: Ու սա դեռ ամբողջը չէ:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: