16–ամյա պատանիները 1500 դրամով գնել են 10 000 դրամանոց հուշանվեր թղթադրամներ ու մի մասը իրացրել (ՎԻԴԵՈ)

29.04.2024, 12:05
16–ամյա պատանիները 1500 դրամով գնել են 10 000 դրամանոց հուշանվեր թղթադրամներ ու մի մասը իրացրել․ ՎԻԴԵՈ
16–ամյա պատանիները 1500 դրամով գնել են 10 000 դրամանոց հուշանվեր թղթադրամներ ու մի մասը իրացրել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում են իրացնել առևտրի և սննդի կետերում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ նրանք հինգ թղթադրամ իրացրել են 18-ամյա մի երիտասարդի, իսկ երկու թղթադրամ՝ 16-ամյա մի պատանու:

Վերջիններս էլ իրենց հերթին տարբեր առևտրի կետերում գնումներ կատարելու միջոցով փորձել են իրացնել հուշանվեր-թղթադրամները:

Նույն օրը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի առևտրի կետերից մեկում հուշանվեր-թղթադրամն իրացնելիս ձերբակալվել և բաժին են տեղափոխվել երկու պատանի: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր 19 թղթադրամ: Նա հայտնել է, որ թղթադրամները պատվիրել են առցանց գնումների հարթակի միջոցով, որոշ մասն արդեն իրացրել են, մնացած մասն էլ փորձել են իրացնել:

Վերոհիշյալ առևտրի կետի վաճառողուհին տվել է հաղորդում և ներկայացրել իրեն իրացրած 10-հազարանոց երկու հուշանվեր թղթադրամ:

Եվս մեկ հանցակից երկու ժամ անց Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:

Կազմված փաստաթղթերը և երեք պատանիները ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված հետագա միջոցառումներով Թումանյանի բաժնի ոստիկանները պարզել են, որ պատանիները հուշանվեր 10-հազարանոցով փորձել են գնում կատարել նաև Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութում: Այս դեպքում, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Փորձել են նաև միրգ գնել նույն փողոցի միրգ-բանջարեղենի կետից, սակայն վաճառողուհին նկատել է, որ 10-հազարանոցը կեղծ է, ամոթանք տալով՝ վերադարձրել է այն: Թղթադրամի կեղծ լինելը նկատել է նաև կրպակի վաճառողուհին, որտեղից փորձել էին ծխախոտ գնել:

Նախաձեռնված քրեական վարույթը և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: