Սահմանազատման գործընթացը կասեցնելու անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը․ Փաշինյան

07.05.2024, 13:30
Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացը կասեցնելու առաջարկին
Սահմանազատման գործընթացը կասեցնելու անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացը կասեցնելու առաջարկին։

«Առաջարկվում է կասեցնել սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ ինքնիշխանության հաստատման գործընթացը։ Ես ասում եմ, հարգելի հոգևորականներ, եպիսկոպոսներ, լրագրողներ, որ ասում եք՝ այսօր ցերեկից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ», – ասաց Փաշինյանը։

Նա վստահություն հայտնեց, որ նպատակը ի սկզբանե դա է եղել՝ «թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը»:

«Ընդ որում, պատերազմն այդ պարագայում դելիգիտիմացված չի լինի: Այն ուժերը, ովքեր պհանջում են սահմանազատումը դադարեցնել, բնականաբար, նաև այդ ուժերի, նաև արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի նոր տարածքներ օկուպացվեն, դա օգտագործելու համար, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն: Բայց այդտեղ էլ կարևոր է, թե այդ փոփոխությունների հետևանքով ինչ է տեղի ունենալու»,-ասաց նա:

 Նրա խոսքով, ընդդիմության հայտնի դեմքերից մեկը եթերում նստած կասկածի տակ է առնում Հայաստանում ազատ, արդար ընտրություններ իրականացնելու նպատակահարմարությունը:

«Սա նշանակում է՝ կասկածի տակ է դրվում ՀՀ ինքնիշխանությունը, որովետև ինքնիշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Պատերազմը ներքին ու արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որ հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների: Միայն այդ սցենարն է, որ դա հավանական է դարձնում», – ասաց Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ սահմանազատման կասեցնողների նպատակն է սադրել պատերազմ, պատերազմի արդյունքում ապահովել իշխանափոխություն ոչ ընտրական ճանապարհով:

«Դա հնարավոր է, եթե Հայաստանի ինքնիշխան տարածքներ օկուպացվեն, հակառակ դեպքում դրա ֆոնը տեղի չի ունենալու: Հաջորդաբար, ոչ լեգիտիմ, մարիոնետայի, իշխանության հաստատում և ՀՀ ինքնիշխանության և պետականության դե ֆակտո լուծարում՝ դե յուրե լուծարումից առաջ: Սա է սցենարը, դա այնքան ակնհայտ է»,- ընդգծեց Փաշինյանը: