WWF-ը 2012 թվականին կարող է սպիտակ արջերի հաշվառում սկսել անօդաչու սարքերի օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) փորձագետները Ֆրանց-Իոսիֆի Երկրում սպիտակ արջերի քանակի հաշվառման ծրագիր են մշակում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Ծրագիրը նախատեսում են սկսել արդեն 2012 թվականին, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ռուսաստանի WWF Արկտիկայի կենասբազմազանության պահպանման նախագծերի համակարգող Միխայիլ Ստիշովը:
Հիմնադրամը նախատեսում է այս տարի սպիտակ արջերի՝ նրանց կուտակման վայրերում թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացման մեթոդիկա մշակել անօդաչու սարքերի օգնությամբ, որոնք ունեն հատուկ հաղորդիչներ: Ստիշովի խոսքով, ավանդական մեթոդներով, օրինակ, սառցահատների վրա տեղակայված ուղղաթիռների միջոցով բոլոր հաշվարկներն աշխատատար և թանկ են, նույնիսկ սահմանափակ տարածքներում:
«Սպիտակ արջերին հաշվելը գործնականորեն անհնար է: Արբանյակային նշումների շնորհիվ մենք քիչ թե շատ գիտենք նրանց երթուղիները: Բայց թվի գնահատումը նման է սուրճի մրուրով գուշակության... Մենք դեռևս պատրաստ չենք մեծածավալ հետազոտությունների, բայց նախնական աշխատանքները կիրականացնենք անօդաչու սարքերի միջոցով, որոնք մեծ թվով հաղորդիչներ ունեն: Կսկսենք Ֆրանց-Իոսիֆի Երկրում»,- ասել է Ստիշովը:
Նախապատրաստական փուլում փորձագետները կհաշվարկեն արշիպելագում արջերի երթուղիների մոտավոր ցանցը, որը թույլ կտա ընդգրկել առավելագույն տարածք նվազագույն թռիչքներով: Բանակցություններ են տարվում նաև մի ընկերության հետ, որը կարող է հարմար թռչող սարք տրամադրել: -0-