Բրիտանացի պատգամավորը զրկվել է պաշտոնից նացիստական հագուստով մարդու հետ լուսանկարի պատճառով

19.12.2011, 13:31
Բրիտանացի պատգամավորը զրկվել է պաշտոնից նացիստական հագուստով մարդու հետ լուսանկարի պատճառով

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր, Տրանսպորտի նախարարի անձնական քարտուղար Էյդան Բեռլին զրկվել է պաշտոնից այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են մասնավոր երեկույթի լուսանկարներ, որտեղ նա կանգնած է եղել նացիստական հագուստ կրող մարդու կողքին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Պահպանողականների պաշտոնական ներկայացուցիչը Բեռլիի վարքագիծը «վիրավորական և ոչ խելամիտ է» որակել:

Ֆրանսիայում տեղի ունեցած տղաների խնջույքի լուսանկարը հայտնվել է Mail on Sunday թերթում նախորդ շաբաթ: Ավելի վաղ Բեռլին ներողություն է խնդրել՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ:

«Այդ երեկույթի որոշ հյուրերի վարքագիծն անընդունելի էր: Ցավում եմ, որ ես ավելի վաղ չհեռացա այնտեղից», - գրել է նա իր հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, Պահպանողական կուսակցության ղեկավարությունը համարել է, որ միջադեպից հետո Բեռլին չի կարող շարունակել իր լիազորությունները:

«Այդ պատճառով նա զրկվեց Տրանսպորտի նախարարությունում խորհրդարանական անձնական քարտուղարի պաշտոնից: Վարչապետը հանձնարարել է հետաքննել Ֆրանսիայում տեղի ունեցած երեկույթի մանրամասները», - ավելացրել է Տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:-0-