Չարագործները Ֆրանսիայում 800 հազար եվրոյի Chanel օծանելիք են գողացել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չարագործները 800 հազար եվրոյի «լյուքս» դասի Chanel օծանելիք են գողացել Ֆրանսիայի հարավում գտնվող ձեռնարկությունից, որտեղ այդ օծանելիքը փաթեթավորում էին, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով հետաքննության նյութերին ծանոթ աղբյուրին:
Ըստ նրա տվյալների՝ գողությունը տեղի է ունեցել Արդեշ դեպարտամենտի Ռոնի Տուռնոն (Tournon-sur-Rhоne) համայնքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին
Գործակալության զրուցակցի տվյալների համաձայն՝ գողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 00:00-ի սահմաններում): Դեռևս չպարզված պատճառներով Cosmopar ընկերությանը պատկանող ձեռնարկության մուտքերից մեկը բաց էր, որով էլ ձեռնարկությունից դուրս է եկել օծանելիքով բեռնված բեռնատարը: Հանցագործներն այդ բեռնատարով տարել են ողջ օծանելիքը:
Գողության կատարման պահին ընկերության գրասենյակում աշխատակիցներ կային, սակայն պահեստում, որտեղից գողացել են օծանելիքը, ոչ ոք արդեն չկար:-0-