Գերմանական քաղաքի ղեկավարը կարող է զրկվել պաշտոնից ռուանդական բարում չվճարած հաշվի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի Մայնց քաղաքի օբերբուրգոմիստր Յենս Բոյթելը (Jens Beutel) կարող է զրկվել պաշտոնից չվճարված երեք գավաթ գինու պատճառով, որոնք նա խմել է Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի բարերից մեկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով WELT թերթի կայքին:
Քաղաքական գործիչը գտնվում էր Ռուանդայում Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողի պատվիրակության կազմում համագործակցության ծրագրի շրջանակներում: Պատվիրակության անդամներն այցելել էին Կենտրոնական Աֆրիկայում գտնվող այս երկիր, որպեսզի ծանոթանային Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ իրականացվող նախագծերին:
WELT թերթի տվյալների համաձայն՝ Կիգալիի Milles Collines հյուրանոցի բարում ընթրելիս Բոյթելը խմել է երեք բաժակ կարմիր գինի և չվճարելով դրանց դիմաց՝ բարձրացել համար: Մայնցի քաղաքապետի հաշիվը վճարել է Ռեյնլանդ-Պֆալցի ներքին գործերի նախարար Ռոջեր Լևենցը (Roger Lewentz):
Երբ պատվիրակությունը վերադարձել է Մայնց, պատմությունն արագորեն սկանդալային երանգ է ստացել: Պարզվել է, որ քաղաքի 65-ամյա ղեկավարն առաջին անգամը չէ, որ «մոռանում է» վճարել ռեստորանի հաշիվը: Ինչպես թերթին տեղեկացրել է մի լրագրող, ով ցանկացել է անանուն մնալ, մեկ անգամ իր հետ ռեստորանում հանդիպելուց հետո Բոյթելը չի վճարել պատվիրած գարեջրի համար:
Ինչպես գրում է թերթը, օբերբուրգոմիստրն արդեն պաշտոնապես ներողություն է խնդրել՝ բացատրելով իր վարքագիծը նրանով, որ նա իր հետ մանր փող չի ունեցել: Նա նույնիսկ հազար եվրո է նվիրաբերել Ռուանդայում գործող բարեգործական կազմակերպություններից մեկին:
Չնայած դրան՝ ընդդիմությունն արդեն քաղաքի խորհրդարանականների քննարկմանը ներկայացրել է Բոյտեյլին պաշտոնազրկելու հարցը, իսկ նրա կողմնակիցներն առաջարկել են նրան ինքնուրույն «անհրաժեշտ եզրահանգումներ անել»:
Մայնցի Allgemeine Zeitung թերթի առաջարկով՝ Բոյտեյլը կարող է պաշտոնից հեռանալ արդեն երկուշաբթի:--0—