ԱՄՆ-ի պաշտպանության առաջին փոխնախարար կդառնա Էշթոն Քարթերը, նա այդ պաշտոնում կփոխարինի Ուիլյամ Լինին, հաղորդել է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի Պենտագոնի գնումների, տեխնոլոգիաների և լոգիստիկայի հարցերով ղեկավարի տեղակալ Քարթերի թեկնածությունն առաջարկել է պաշտպանության նախարարությունում կարևորությամբ երկրորդ պաշտոնին։ Այս նշանակումն արժանացել է սենատի հավանությանը։
«Էշթոն Քարթերի թեկնածությունն ուղղվում է սենատ պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնում հաստատելու համար»,- ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պենտագոնի ներկա ղեկավար Լեոն Պանետան ողջունել է նշանակումը՝ նոր տեղակալի հետ արդյունավետ աշխատանքի հույս հայտնելով։
«Քարթերը փայլուն կատարել է գնումների, տեխնոլոգիաների և լոգիստիկայի փոխնախարարի պարտականությունները։ Նրա աջակցությունը... դրական է անդրադարձել նախարարության աշխատանքի բարեփոխման և սպառազինությունների գնման վրա։ Նա նաև Բիլ Քլինթոնի վարչակազմում աշխատած առանցքային ռազմավարական ֆիգուր է եղել պաշտպանության նախարարության ղեկավարի անվտանգության միջազգային քաղաքականության գծով փոխնախարարի պաշտոնում և ակադեմիական առաջատար պաշտոն է զբաղեցրել Հարվարդի համալսարանում»,- ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության կողմից տարածած՝ Պանետայի գրավոր հայտարարությունում։
Էշթոն Քարթերը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 14-ին։ Բիլ Քլինթոնի վարչակազմում զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնը 1993-1996 թվականներին։ Ներկայիս պաշտոնին նշանակվել է 2009 թվականի մարտի 18-ին, Բարաք Օբամայի՝ Սպիտակ տուն գալուց հետո։ Քարթերը սովորել է Յելի համալսարանում, ունի ֆիզիկայի և միջնադարյան պատմության բակալավրի աստիճան։ Տեսական ֆիզիկայի դոկտորական ատենախոսությունը նա պաշտպանել է Օքսֆորդի համալսարանում։
Աշխատելով Պենտագոնում՝ Քարտերն ընդգրկվել է Հյուսիսային Կորեայում 1994 թվականի ճգնաժամի ընթացքում ռազմական ծրագրման աշխատանքում, մասնակցել է Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից միջուկային սպառազինությունների դուրսբերմանը, ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ երկրների հետախուզումների միջև կապերի հաստատմանը «սառը պատերազմի» ավարտից հետո։
Քարթերի հաստատումը նոր պաշտոնում կասկածներ չի հարուցում։ Դա կարող է տեղի ունենալ կոնգրեսի ամառային արձակուրդներից անմիջապես հետո, որոնք ավարտվում են սեպտեմբերի սկզբին։ -0-