Ինչպես էր Թուրքիան պատրաստվում Ղարաբաղի վրա հարձակմանը. «Կոմերսանտի» մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Կոմերսանտի»-ի ռազմա-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս սրացումը միտումնավոր պլանավորվել և հրահրվել է Թուրքիայի կողմից: Ըստ նրանց, անցած ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն հրահրել է Բաքվին ռազմական գործողություններ սանձազերծել համապարփակ քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության խոստման ներքո: Ավելի վաղ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանությունները խոսում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի անմիջական միջամտության մասին:
Կոմերսանտի ռազմա-դիվանագիտական աղբյուրների կողմից ներկայացված պատկերը հետևյալն է. հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտից հետո, իբր, Թուրքիայի զինված ուժերի մի զգալի խումբ մնացել է Ադրբեջանի տարածքում, որը կոչված էր համակարգող և ղեկավարող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման գործում:
Խոսքը թվով 600 զինծառայողների մասին է, ներառյալ 200 հոգուց բաղկացած գումարտակի մարտավարական խումբը, 50 հրահանգիչ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում (նրանք կապ էին ապահովում բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբ շղթայում ռազմական գործողություններ իրականացնելիս); 120 հոգանոց թռիչքային անձնակազմ Գաբալայի ավիաբազայում; Դալլարի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատոր, Եվլախի օդանավակայանի 50 հրահանգիչ, 4-րդ բանակային կորպուսի (Փիրեքեշքյուլ) 50 հրահանգիչ և ռազմածովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական դպրոցում 20 հոգի: Այս խմբում ընդգրկված էին 18 հետևակի մարտական մեքենա, մեկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, տասը միավոր ավտոմեքենա և մինչև 34 միավոր ինքնաթիռ (այդ թվում` 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որոնք ապահովում էին ռազմական հետախուզություն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, դատելով «Կոմերսանտի» կողմից տրամադրված տվյալներից, կտրուկ աճել է թուրքական ռազմական տրանսպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Ադրբեջան (հիմնականումտարանցիկ Վրաստանի տարածքով ): Մասնավորապես, մարդկանց և զինամթերքի առաքումն, իբր, իրականացվել է սեպտեմբերի 4-ին ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին ՝ CN-235 ինքնաթիռով, սեպտեմբերի 25-ին՝ A400M ինքնաթիռով:
- Սեպտեմբերի 28-30-ը ռազմական գործողությունների թեժացման ժամանակ, նախկինում ժամանած ռազմական խորհրդականներից բացի, Ադրբեջան են ժամանել ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ հենց իրենք էին տեղում իրականացնում ղարաբաղյան ճակատում գործողությունների ընդհանուր ղեկավարումը:
- Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին, դեղերի և փոքր զենքի մատակարարումն, նրանց խոսքով, իրականացվել է CN-235 ինքնաթիռներով Էթիմեսգութ (Անկարա) -Նասոսնայա (Գաջի Զեյնալաբդին) երթուղով:
-Ենթադրվում է, որ անձնակազմի և զինամթերքի առաքումն իրականացվել է նաև հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 (TUAF737 չվերթ) կողմից:
Հոկտեմբերի 9-ին, «Կոմերսանտի» զրուցակիցները նշում են, որ Ամման-Բաքու երթուղով ադրբեջանական «Իլ -76 ТД» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը (թռիչք AZAF002) Վրաստանի միջով փոխադրել է ԴՇԿ գնդացիրներ (200 միավոր)` զինամթերքով:
- Ավելի վաղ Թուրքիան հոկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքների հարցում էր ուղարկել: «Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ թույլտվությունները ձեռք են բերվել:
Բացի այդ, «Կոմերսանտի» զրուցակիցները հայտնում են, որ Թուրքիայի ներկայացուցիչները վարձկաններ են հավաքագրում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար Անկարային լոյալ իսլամիստական խմբավորումներից, որոնք կռվում են Սիրիայում և Լիբիայում։ Վարձկանների մատակարարման շղթայի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ենթադրաբար Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը՝ պաշտպանության նախարարության ուժերի ու միջոցների աջակցությամբ:
Ըստ «Կոմերսանտի» զրուցակիցների, հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել են մինչև 1,3 հազար սիրիացի զինյալներ և լիբիացի վարձկանների առնվազն մեկ խումբ, որոնց թիվը կազմում է 150 մարդ: Առաջինները, ենթադրաբար, տեղակայված են եղել հիմնականում Թերթերի ուղղությամբ՝ Բայանդուր և Ղապանլի շրջաններում (համապատասխանաբար Թերթերից 5 և 10 կմ հարավ-արևելք), իսկ երկրորդները ՝ Ջեբրաիլի ուղղությամբ՝ Քարվենդայի շրջանում (Բաքվից 250 կմ արևմուտք):
Հաղորդվում է, որ սիրիացի զինյալների հավաքագրումն իրականացվում է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող Անկարայի կողմից վերահսկվող տարածքներում՝ SADAT մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների կողմից՝ Սիրիական ազգային բանակի (ՍԱԲ) դաշտային հրամանատարների օգնությամբ: Հավաքագրման հիմնական կետերը ենթադրաբար գործում են Աֆրին, Ալ-Բաբ, Ռաս ալ-Աին և Թել Աբյադ քաղաքներում: Նորակոչիկների հավաքը կազմակերպվում է Աֆրինում, որտեղից թուրքական տրանսպորտային ընկերությունների օգնությամբ նրանց տեղափոխում են Սիրիայի հետ սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Շանլըուրֆա քաղաք (Թուրքիա): Բացի այդ, վարձկանները SADAT-ի չարտերային թռիչքներով տեղափոխվում են հակամարտության գոտի:
Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, Անդրկովկասում պատերազմի գնալ ցանկացողներին հավաքագրողները առաջարկել են մեկնադրամ` 1500 ԱՄՆ դոլարի չափով և ամսական մինչև 2000 ԱՄՆ դոլար:
Նրանք, նախքան Ադրբեջան գործուղվելը, վարձկաններից առգրավել են անձը հաստատող փաստաթղթերը և կապի անձնական միջոցները: Նրանց ասել են, որ իրենց ծառայությունները կպահանջվեն երեք ամսից վեց ամիս տևողությամբ:
«Դեռևս սեպտեմբերի 22-ին ՍԱԲ-ի 2-րդ կորպուսից առաջին խումբն ուղարկվել է Ադրբեջան, որն անցել է երկշաբաթյա հատուկ դասընթաց Սիրիայում՝ թուրք հրահանգիչների հսկողության ներքո», - ասել է «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը:
Նրա խոսքով, մինչ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը, սիրիացի վարձկանների մեկ այլ ջոկատ, որի թիվը հասնում էր 1500-ի, շարունակում էր ակտիվորեն կազմավորվել՝ Ադրբեջան ուղարկվելու համար: «Այս ջոկատը կազմավորվել է և ցանկացած պահի կարող է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում», - պնդում է աղբյուրը: Խոսքը «Ֆայլակ աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադի», «Ֆիրքաթ Համզա» և «Ֆիրքաթ Սուլեյման շահ» խմբավորումների մարդկանց մասին է:
Ավելի վաղ BBC բրիտանական ռադիոկայանը հայտնել էր, որ Թուրքիան Աֆրինից «Ջեյշ ալ-Շամ» խմբավորումից 150 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: «Սուլթան Մուրադ բրիգադից» ևս շուրջ 2000 մարդ պատրաստվում է տեղափոխվել Ղարաբաղ՝ հոկտեմբերի սկզբի դրությամբ: Այս մասին հաղորդում է նաև ամերիկյան The Wall Street Journal թերթը: Միևնույն ժամանակ, Washington Post- ի լրագրողները, վկայակոչելով սիրիացի վարձկանների հարազատներին, հայտնում են, որ նրանցից ավելի քան 50-ը զոհվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ընթացքում:
Այն մասին, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից վարձկաններ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, բազմիցս ասել են Հայաստանի իշխանությունները:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նույնպես հինգշաբթի խոսել է հակամարտության մեջ Թուրքիայի ակտիվ դերի մասին: «Այժմ թուրքերը միջամտում են և ռեսուրսներ տրամադրում Ադրբեջանին՝ դրանով իսկ մեծացնելով ռիսկը՝ յուղ ավելացնելով այն բանի կրակին, ինչը տեղի է ունենում պատմական ճակատամարտում՝ Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրում՝ փոքր տարածք, որտեղ բնակվում է մոտ 150 հազար մարդ», - ասել է նա WSB ռադիոկայանին տված հարցազրույցում:
Թուրքիայի բացասական ազդեցության մասին նախօրեին խոսել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը. «Արտաքին միջամտությունը, մասնավորապես Թուրքիայի միջամտությունը, խթանում է այս սրմանը և անընդունելի է»,- ասել է նա: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները օգնում են Սիրիայից զինյալներին Ադրբեջան տեղափոխելուն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, կտրականապես հերքում է, որ ադրբեջանական կողմում կռվում են օտարերկրյա վարձկաններ: «Ոչ ոք մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել ընթացիկ բախումներին մասնակցող Ադրբեջանի տարածքում օտարերկրյա զինված կազմավորումների առկայության մասին: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք չունենք արտասահմանցի վարձկաններ», - ասել է Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ ՌԻԱ Նովոստիին տված զուգահեռ հարցազրույցի ժամանակ:
Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների հայտարարությունները որակել են որպես անընդունելի այն երկրների համար, որոնք ձգտում են միջնորդի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:
Թուրքիայի իշխանությունները նույնպես բազմիցս հորինված են անվանել տեղեկատվությունն այն մասին, որ իրենք օգնում են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: - 0-