Հայտնի է Շոն Քոններիի մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենա/. Բրիտանացի դերասան Շոն Քոններիի մահվան պատճառը թոքաբորբի հետևանքով առաջացած շնչառական անբավարարությունն էր, տարիքն ու առիթմիան: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնում է TMZ պորտալը՝ հղում կատարելով մահվան վկայականին:
Փաստաթղթի համաձայն, դերասանը մահացել է հոկտեմբերի 31-ին, ժամը 01: 30-ին (Մոսկվայի ժամանակով 09: 30-ին) Բահամյան կղզիների վրա գտնվող իր տանը: Մահվան պատճառի մասին սյունյակում նշված է «թոքաբորբ - շնչառական անբավարարություն, ծերություն, նախասրտերի ֆիբրիլյացիա (սրտի ռիթմի խախտում, որը բնութագրվում է անկանոն կամ հաճախակի սրտխփոցով. խմբգր.):
Կինոարտադրության մեջ բազմաթիվ աշխատանքներով հայտնի շոտլանդական ծագմամբ դերասանը, ում մեծ ճանաչում է բերել Ջեյմս Բոնդի դերը, կյանքից հեռացավ հոկտեմբերին՝ 90 տարեկան հասակում: Դերասանի որդու խոսքով ՝ իր հայրը «որոշ ժամանակ վատառողջ էր»:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Քոններին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում, այդ թվում` 007 գործակալի մասին պատմող յոթ ֆիլմերում։–0–