«Համբուրում են հետույքս, մեռնում են գործարք կնքելու ցանկությունից»․ Թրամփը՝ երկրների մասին, որոնց նկատմամբ ԱՄՆ–ն մաքսատուրքեր է սահմանել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրները, որոնց նկատմամբ ԱՄՆ–ն մաքսատուրքեր է սահմանել, Վաշինգտոն են ուղարկել բանագնացների՝ գործարք կնքելու համար, հաղորդում է CNN-ը։
«Այդ երկրները զանգում են մեզ։ Համբուրում հետույքս։ Նրանք մեռնում են գործարք կնքելու ցանկությունից․ «Խնդրում ենք, խնդրում ենք պարոն, կնքեք գործարք։ Ես ամեն ինչ կանեմ, պարոն»», – ասել է Թրամփն՝ ապրիլի 8–ին ելույթ ունենալով միջոցառմանը, որը նվիրված էր Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի համար միջոցներ հավաքելուն, գրում է Meduza–ն։
«Կարծում եմ, որ աշխարհի հետ [առևտրային] պատերազմն ամենևին էլ պատերազմ չէ, քանի որ նրանք բոլորը գալիս են այստեղ։ Հիմա այստեղ է գալիս Ճապոնիան։ Նրանք գալիս են օդանավով, շատ են։ Նրանք բոլորը կոշտ բանագնացներ են», – ավելացրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ակնարկել է, որ վստահ է իր որոշումներում։ «Գրողը տանի, գիտեմ, թե ինչ եմ անում», – ասել է նա հանրապետականների առջև ելույթի ժամանակ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ապրիլի 8–ին հայտարարել է, որ «հեռախոսները պայթում են զանգերից», զանգում են նրանք, ովքեր ուզում են փորձել գործարք կնքել ԱՄՆ–ի հետ։ CNN–ի տեղեկություններով, բացի օտարերկրյա առաջնորդներից, Թրամփի վարչակազմի հետ կապվում են խոշորագույն անդրազգային ընկերությունների ղեկավարներ։
CNN–ի աղբյուրները պատմել են, որ ամերիկացի դիվանագետներն ու Սպիտակ տանը մոտ կանգնած մարդիկ խորհուրդ են տալիս երկրներին, որոնք ձգտում են համաձայնագիր կնքել ԱՄՆ–ի հետ, «ստեղծագործ մտածել՝ չսահմանափակվելով առևտրի շրջանակներով»։ Հեռուստաալիքների տվյալներով, երկրներին, մասնավորապես, առաջարկում են մտածել «արտերկրում ոչ արդարացի պահվող» ամերիկացիներին ազատ արձակելու շուրջ, համաձայնվել համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ արհեսական բանականության ոլորտում, գնել ամերիկյան էներգակիրներ և պայքարել գլոբալ թմրավաճառութան դեմ։
Վաշինգտոն են արդեն ուղևորվում Ճապոնիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները, մի քանի օրից ԱՄՆ կժամանի Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
Հիշեցնենք, որ Թրամփն ապրիլի 2–ին հայտարարեց, որ մաքսատուրքեր է ներդնում 185 երկրներից և տարածքներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա։ 10%–անոց ունիվերսալ տուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5–ին, անհատականները կսկսեն գործել ապրիլի 9–ից։ Այս ֆոնին ամերիկյան ֆոնդային շուկայում անկում է։