Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. TRT1 թուրքական պետական հեռուստաալիքն իր եթերում ցուցադրել է Stratfor ամերիկյան ընկերության կանխատեսումը, որում նշվում է, որ Անկարան իբր ապագայում կընդլայնի իր ազդեցությունը դեպի Ռուսաստանի հարավային շրջաններ, այդ թվում` Ղրիմ և Կուբան։
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», թուրքական հեռուստաալիքի հեռարձակմանն ուշադրություն է դարձրել «Военный обозреватель» Telegram ալիքը։
Ըստ կանխատեսման, 2050թ.–ին Թուրքիան իբր կընդլայնի իր ազդեցությունը միանգամից մի քանի ուղղություններով։ Այսպես, Անկարան կարող է ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի հարավում, այդ թվում` Ղրիմում, Կուբանի, Աստրախանի երկրամասում, Կալմիկիայում և Հյուսիսային Կովկասում։
Կանխատեսման մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի ազդեցության տակ կարող են հայտնվել Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ղազախստանը, ինչպես նաև Հունաստանի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետության տարածքները։
Թուրքիայի ներկայության ընդլայնում կարելի է կանխատեսել նաև Եգիպտոսում, Լիբիայում և Պարսից ծոցի երկրներում։
Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ հանրապետությունը պատրաստ է զբաղեցնել «առաջատար դիրք» նոր աշխարհակարգում, քանի որ դրա համար ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները։–0–