Երևանում ՎԶԵԲ տարեկան ժողովի անցկացումը կարևորագույն իրադարձություն կդառնա Հայաստանի համար. Գվինդաձե

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհուրդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել 2021թ.–ին ՎԶԵԲ–ի տարեկան ժողովը Երևանում գումարելու վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։
Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ՎԶԵԲ Կառավարիչների խորհուրդը նախորդ տարվա դեկտեմբերին հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովն Երևանում անցկացնելու համար։
Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի քվեարկության արդյունքները պարզ կլինեն 2020թ․ հունվարի վերջին։
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում ՎԶԵԲ հարցերի համակարգողն է, և անձամբ է հայտնել այդ մասին։ Կառավարիչների խորհրդի կողմից այս հարցի շուրջ ոչ մի առարկություններ չեն եղել, բայց մենք սպասում ենք վերջնական որոշմանը մինչև ամսվա վերջ»,– ասաց Գվինդաձեն։
Նրա խոսքով, նման մասշտաբի միջոցառման անցկացումը Հայաստանի համար կդառնա կարևորագույն իրադարձություն, որը կհայտնվի խոշոր ներդրողների ուշադրության կենտրոնում։
«Նիստին ներկա կլինեն մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում` բանկի հիմնադիր կազմի երկրները, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դա երկրի հնարավորություններն ու հեռանկարները ցույց տալու հիանալի առիթ է պոտենցիալ ներդրողների համար»,– նշեց նա։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է, որը 1992 թվականից ի վեր, 2020 թվականի հունվարի դրությամբ, 1,4 միլիարդ եվրո է ներդրել 180 ծրագրերի իրականացման համար: Բանկը ներդրումներ է կատարում ֆինանսական, կորպորատիվ ոլորտներում, ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում, ներդրումների 90% -ը բաժին է հասնում մասնավոր հատվածին: –0–