«Գազպրոմ Արմենիան» նախաձեռնում է վերանայել սակագինը հայ սպառողների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է վերանայել գազի սակագինը հայ սպառողների համար։
Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), Բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման («Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով։
Առաջարկվում է, որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն 2020թ.–ի հուլիսի 1–ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար առաջարկվող սակագներն ուժի մեջ կմտնեն 2020թ. օգոստոսի 1-ից։
Հայտի մեջ ընկերությունն առաջարկում է ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գինը գործող 100 հազար դրամից ավելացնել մինչև 135 909,6 դրամ (բոլոր գներում ներառված է ԱԱՀ–ն)։
Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար առաջարկվում է գործող 139 000 դրամից նվազեցնել մինչև 135 909.6 դրամ։
Ընկերության ներկայացրած առաջարկներին մանրամասն կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը, կարգավորիչը դեռ չի ստացել ընկերության հայտը։
«Գազպրոմ» ռուսական հոլդինգը 2020թ.–ի հունվարի 1–ից Հայաստանի համար սահմանին պահպանել է գազի գինը 1 խմ–ի դիմաց 165 դոլար։–0–