Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105մլն եվրո ՓՄՁ–ի ֆինանսավորման համար

03.02.2025, 15:47
Ամերիաբանկը 105մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ Գլոբալ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ Գլոբալի կողմից Հարավային Կովկասի բանկին երբևէ տրված ամենախոշոր ուղղակի վարկն է
Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105մլն եվրո ՓՄՁ–ի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիաբանկը 105մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ Գլոբալ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ Գլոբալի կողմից Հարավային Կովկասի բանկին երբևէ տրված ամենախոշոր ուղղակի վարկն է։

Այս ուղենիշային ֆինանսավորումը շեշտում է Ամերիաբանկի և ԵՆԲ–ի համատեղ հանձնառությունը մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը։

Америабанк, EIB

Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի և հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման և կայուն նախաձեռնությունների ուղղությամբ։

Ներգրավված միջոցների 20%–ը հատկացվելու է կանաչ նախագծերի ֆինանսավորմանը, որոնք նպատակ ունեն խթանելու շրջակա միջավայրի պաշտպանությունն ու կայունությունը։ Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝ ՄՓՄՁ–ներին արժութային ռիսկերից պաշտպանելու համար։

ՓՄՁ–ն՝ Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում

«ԵՆԲ–ն արդեն ունի զգալի ներդրում ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորման մեջ, և մեզ համար մեծ պատիվ է, որ վարկավորում տրամադրվելու է նաև ՓՄՁ–ներին», – հայտարարեց Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը։

Նրա խոսքով, Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն վարկատուն է, որի համախառն վարկային պորտֆելը կազմում է 1,3 տրլն դրամ, այդ թվում՝ 2024թ․–ի վերջի դրությամբ 250մլրդ դրամի չափով ՓՄՁ–ների համախառն պորտֆելը։

«Մենք ամեն օր սպասարկում ենք շուրջ 50 հազար ՓՄՁ–ների ամբողջ հանրապետությունում», – ասաց նա։

Ованнес Тороян, Америабанк, EIB

Թորոյանը նշեց, որ վարկային համաձայնագրի կարևոր բաղադրիչն է կենտրոնացումը կանաչ ֆինանսավորման վրա։

«Ամերիաբանկն արդեն ունի համագործակցության նախապատմություն միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ներդրողների հետ երկրում կանաչ ներդրումների խթանման համար», – ասաց նա։

2009 թ․–ից Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1,4մլրդ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ Բանկը միջազգային ֆինանսական կառույցների և սոցիալական ներդրողների աջակցությամբ ֆինանսավորել է ավելի քան 250մլն դոլարի նախագծեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։

Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ամերիաբանկի միջև 200մլն դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին՝ ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ։

Աջակցություն ՓՄՁ–ին՝ ի բարօրություն Հայաստանի տնտեսության

Василис Марагос, Америабанк, EIB

ՀՀ–ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ այս գործարքը վկայում է Հայաստանի տնտեսությանն աջակցելու պատրաստակամության, ինչպես նաև հայ ձեռներեցների հոգու և տաղանդի մասին։

«Բացի այդ, դա վկայում է նաև հայկական բանկային հատվածի կայունության մասին», – ասել է նա։

Մարագոսի խոսքով, համաձայնագրի նպատակներից է 15 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև գործող ձեռնարկությունների ամրապնդումը՝ որպես աջակցություն Հայաստանի տնտեսությանը։

ԵՆԲ–ի արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ

Мачей Чура, Америабанк, EIB

«Այս գործարքը ԵՄ–ի, ԵՆԲ–ի և հայ գործընկերների համագործակցության նշանակալի արդյունքն է, ինչը 2024թ․–ի դրությամբ ՀՀ–ում ԵՆԲ–ի պարտավորությունների ծավալը հասցրել է շուրջ 1մլրդ եվրոյի։ Մենք գրեթե կրկնապատկել ենք մեր ամբողջ պորտֆելի ծավալը։ Բացի այդ, սա ԵՆԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության լուրջ նշան է, որը ներառում է բազմաթիվ նախագծեր», – ասաց Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան։

Նա հույս է հայտնել, որ ԵՆԲ–ի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև 2025թ․–ին և հետագա տարիներին։

Դրամաշնորհային աջակցություն արժութային ռիսկերը մեղմելու համար

Мэрион Хоник, Америабанк, EIB

«Մեր շարժիչ ուժն է նպաստել մեր հարևանների բարգավաճմանը և բարելավմանը։ Ամեն ինչ սկսվում և ավարտվում է տնտեսությամբ, սակայն պետք է նաև ապահովել հնարավորություն բնակչության արժանի կյանքի համար», – ասաց ԵՆԲ Ընդլայնման և հարևանության դեպարտամենտի Ֆինանսական ներառականության բաժնի ղեկավար Մերիոն Հոնիքը։

Նա նշել է, որ վարկային համաձայնագիրը համալրվում է դրամաշնորհային աջակցությամբ ԵՄ–ի կողմից, որն ուղղված է տոկոսները վճարելիս արժութային ռիսկերի մեղմմանը։ Հոնիքը չհրապարակեց դրամաշնորհի գումարը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1,9տրլն դրամ։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական Միության երկարաժամկետ վարկավորում տրամադրող հաստատություն է, որը պատկանում է իր անդամ պետություններին։ Այն ֆինանսավորում է ԵՄ–ի քաղաքականության նպատակներին նպաստող ներդրումները։ «ԵՆԲ Գլոբալ»–ը ԵՆԲ Խմբի մասնագիտացված ճյուղն է, որը նվիրված է միջազգային գործակցությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցությանը մեծացմանը, ինչպես նաև հանդիսանում է Global Gateway–ի առանցքային գորրծընկերը։ Մինչև 2027թ․–ի ավարտը նախատեսված է աջակցել 100մլրդ եվրո արժողությամբ ներդրումներին, ինչը հանդիսանում է ԵՄ այս նախաձեռնության ընդհանուր նպատակի մոտ մեկ երրորդը։

«ԵՆԲ Գլոբալ»–ը Team Europe–ի շրջանակներում խթանում է ամուր, նպատակաուղղված գործընկերութունը զարգացման ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ։