Խաչատրյանի «Սահման» ֆիլմը կցուցադրի «Կուլտուրա» ռուսական ալիքը
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը կցուցադրի «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքը, հաղորդում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը:
«Ֆիլմը կցուցադրվի Կիրիլ Ռազլոգովի «Կուլտ կինո» հաղորդաշարի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 23-ին, ժամը 23:40-ին:
«Սահման» ֆիլմը ազգամիջյան հակամարտությունների, մարդկանց և ժողովուրդների բաժանող սահմանների էության վավերագրական-պոետիկ մտորում է, որը նկարահանել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Պատմության կենտրոնում է սահմանամերձ ֆերման, իսկ գլխավոր «հերոսը» գոմեշն է:
2009թ.-ին կինոնկարն արժանացել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մեծ Բալթյան երկրների 18-րդ բաց փառատոնի լավագույն ռեժիսուրայի մրցանակին, իսկ անցած տարի Ֆրիբուրգի (Շվեյցարիա) միջազգային կինոփառատոնին Խաչատրյանի «Սահման» ֆիլմը FIPRESCI կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակն է ստացել:
«Սահման» ֆիլմի պրեմիերան մեծ հաջողությամբ է անցել ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում, Էստոնիայում: -0-