Ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, ապա քաշելով տարել է դասարան․ Գեղարքունիքում ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել

07.10.2026, 15:14
Գեղարքունիքում ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ
Ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, ապա քաշելով տարել է դասարան․ Գեղարքունիքում ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, հայտնում է Քննչական կոմիտեն։

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։ 

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է: 

Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում: 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին

Միջադեպի կապակցությամբ պարզաբանում է տարածել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ինչպես նշվում է պարզաբանման մեջ, ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։