«Թող մեր ընկերությունը լինի Արարատ լեռից բարձր ու Յանցզի գետից երկար». շուտով ՀՀ-ում կլինեն ՉԺՀ-ից բերվող բժշկական պարագաները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ժամեր անց Երևանում կլինի հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ և արտակարգ դրության ժամանակ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը Facebook-յան էջում:
«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը»,- նշել է Ավինյանը:
Այդ խմբաքանակում ներառված կլինեն. 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:
Պարետն այդ թվում հայտնել է, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:
«Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին: Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»,- նշել է Ավինյանը:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 8-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 881 հաստատված դեպք։ Բուժվել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–