Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գորիս համայնքում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպք է հաստատվել։ Այս մասին նշվում է Սյունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:
«Խնդրում ենք խուճապի չմատնվել, այդուհանդերձ, հորդորում ենք չկորցնել զգոնությունն ու զգուշավորությունը, խստորեն շարունակել պահպանել ՀՀ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումները, ախտահանման, անձնական ու աշխատանքային հիգիենայի կանոնները, հետեւել արտակարգ դրության ռեժիմի, ինքնամեկուսացման կանոններին ու սահմանափակումներին, տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով անվտանգության նորմերը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1808 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Մահացել է, ցավոք, 29 մարդ: -0-