Սյունիքի մարզում բացվել է երեք նոր սահմանապահ ուղեկալ. ՀՀ ԱԱԾ

23.11.2025, 11:12
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N ջոկատում բացվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները
Սյունիքի մարզում բացվել է երեք նոր սահմանապահ ուղեկալ. ՀՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը և Դավիթ Սանամյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ողջունեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին և շնորհավորեց նրանց նոր ուղեկալների բացման կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շրջայց կատարեց նորակառույց երեք ուղեկալներում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

Այցի ընթացքում Անդրանիկ Սիմոնյանը ծանոթացավ նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Այցի ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համապատասխան հանձնարարականներ տվեց Սահմանապահ զորքերի հրամանատարությանը։