Պուտինը նախընտրական ծրագիր է գրում «Ժողովրդական ծրագրի» հիման վրա. թերթ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն անձամբ է գրում նախագահական ընտրությունների մասնակցության իր նախընտրական ծրագիրը՝ հիմնվելով Դումայի քարոզարշավի համար արդեն պատրաստած «Ժողովրդական ծրագրի» վրա, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Պեսկովի խոսքով, նախընտրական արշավի ակտիվ փուլի մեկնարկին Պուտինը նվիրել է իր ամանորյա արձակուրդը: Նախընտրական ծրագիրը կհրապարակվի մինչև փետրվարի 12-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պուտինի ծրագիրն այդքան էլ չի տարբերվի «Ժողովրդականից»: Դա ավելի սեղմ տարբերակ կլինի, բայց միևնույն ժամանակ բազմաթիվ զուգահեռներ և նոր սկզբունքներ կլինեն: Նոր աշխարհայացք, որ կապված է փոփոխվող աշխարհի հետ»,- պատմել է Պեսկովը:
«Ժողովրդական ծրագիրը», որը նախընտրական է դարձել Համառուսական ժողովրդական ճակատի և «Եդինայա Ռոսիայի» համար Պետդումայի դեկտեմբերյան ընտրություններում, գրվել է ընտրողների առաջարկների հիման վրա: Ծրագիրը պատրաստել է Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտը: -0-