Ռուսաստանում ճգնաժամի երկրորդ ալիք և գործազրկության աճ չպետք է լինի. Ժուկով

25.05.2009, 14:46
Ռուսաստանում ճգնաժամի երկրորդ ալիք և գործազրկության աճ չպետք է լինի. Ժուկով

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը վստահ է, որ 2009 թ.-ին ճգնաժամի և գործազրկության երկրորդ ալիք երկրում չպետք է լինի։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին երկուշաբթի շրջանների հետ սելեկտորային խորհրդակցությունից հետո։

«Աշխատաշուկայում լարվածության նվազմանն ուղղված տարածաշրջանային ծրագրերը մեզ վստահություն են նեշնչում, որ Ռուսաստանում ճգնաժամի որևէ այլ լուրջ ալիք և գործազրկության աճ չպետք է լինի», - ասել է Ժուկովը։

Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանի գործազուրկների ընդհանուր թիվը շարունակում է աճել։ Պետական վիճակագրության դաշնային ծառայության վերջին տվյալներով՝ ՌԴ-ում ընդհանուր գործազրկությունը, որը հաշվարկված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդոլոգիայով, մայիսի 1-ի դրությամբ կազմել է 7,7 միլիոն մարդ։

«Ընդհանուր գործազրկությունը դեռևս ավելանում է, և մեր գնահատականների և կանխատեսումների համաձայն՝ այս ցուցանիշը դեռևս սահման չէ։ Ընդհանուր թիվը դեռ կարող է ավելանալ, սակայն մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ մեզ հաջողվել է բեկել իրավիճակն աշխատաշուկայում, և հետագայում այն բարելավվելու է», - ասաց Ժուկովը։-0-