Ձերբակալվել են Ռուսլան Յամադաևի սպանության կասկածյալները

08.04.2009, 18:08
Ձերբակալվել են Ռուսլան Յամադաևի սպանության կասկածյալները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Իրավապահ մարմինները Մոսկվայում ձերբակալել են մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի հերոս Ռուսլան Յամադաևի սպանության մեջ և Կոնվերս-բանկի վարչության նախագահ Ալեքսանդր Անտոնովի սպանության փորձի մեջ կասկածվող անձանց, հաղորդում է ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեն։

Ռուսլան Յամադաևի մահափորձը տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2008 թվականի սեպտեմբերի 24-ին։ Անհայտ անձը կրակ է բացել «Մերսեդեսի» ուղղությամբ, որի մեջ եղել են Յամադաևն ու Չեչնիայի նախկին ռազմական պարետ Սերգեյ Կիզյունը։ Յամադաևը տեղում մահացել է, Սերգեյ Կիզյունը կրծքի և նախաբազկի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«2009 թվականի ապրիլի յոթին Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսլան Յամադաևի սպանության և Սերգեյ Կիզյունի մահափորձի մասնակիցը»,- հաղորդում է ԴՔԿ-ն։

Քրեական գործի քննությունը գտնվում է ԴՔԿ-ի Գլխավոր քննչական վարչության վարույթում։ «Ներկայում տարվում են հանցագործության կատարողների և մյուս մասնակիցների բացահայտմանն ուղղված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

«Նույն օրը ձերբակալվել է 2009 թվականին մարտի 11-ին Մոսկվայում Կոնվերս-բանկի առևտրային վարչության նախագահ Ալեքսանդր Անտոնովի և նրա անվտանգության աշխատող Ալեքսանդր Կոմարովի նկատմամբ իրականացրած մահափորձի կատարողն ու մասնակիցը։ Քննությունը չի բացառում նաև ձերբակալվածների մասնակցությունը այլ հանցագործություններին, այդ թվում՝ Ռուսլան Յամադաևի սպանությանը»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ռուսլան Յամադաևի եղբայրը՝ չեչենական «Վոստոկ» գումարտակի նախկին հրամանատար Սուլիմ Յամադաևը, դուբայական ոստիկանության տվյալներով, զոհվել է մարտի 28-ին Դուբայում, մահափորձի հետևանքով։ -0-