Պետերբուրգում կայանալիք աճուրդում կվաճառվեն Պուտինի և Մատվիենկոյի ստեղծած նկարները
Բարեգործական աճուրդը, որի ժամանակ կվաճառվեն Սուրբ Ծննդյան տոնավաճառի շրջանակներում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի և այլ հայտնի մարդկանց ստեղծած նկարները, կանցկացվի հունվարի 17-ին Պետերբուրգում, երեքշաբթի հաղորդում է Պետերբուրգի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Պետերբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը Ամանորյա քաղաքային տոների խոշորագույն իրադարձություններից մեկն է։ Տոնավաճառի ընթացքում ավանդաբար անցկացվում է «Այբուբեն» բարեգործական ակցիան, որի ժամանակ երկրի հայտնի մարդիկ, պրոֆեսիոնալ նկարչի օգնությամբ, ստեղծում են ռուսական այբուբենի տառերի թեմայով նկարներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս տարի բերագործական ակցիան նվիրված էր Նիկոլայ Գոգոլի ծննդյան 200-ամյակին։
Դեկտեմբերի կեսին Պուտինն այցելել է Պետերբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ նկար է ստեղծել «Ու» տառի թեմայով։ Հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետն այս տարի մասնակցել է ակցիային արդեն երրորդ անգամ և նկարել է «Ձյունամրրիկ»։ Տոնավաճառի ժամանակ նկարներ են ստեղծել նաև օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, բալետի պարուհի Ուլյանա Լոպատկինան, երաժիշտ Մաքսիմ Շոստակովիչը։
Հայտնի մարդկանց ստեղծագործությունների վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն քաղաքի սոցիալական նշանակություն և նյութական աջակցության խիստ կարիք ունեցող հաստատությունների հաշիվներին։-0-