Երկու մարդ վիրավորվել է Բաքվի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի 19-րդ հիվանդանոցի վիրաբույժն ու բուժքույրը վնասվածքներ են ստացել երեքշաբթի առավոտյան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ոստիկանության շրջանային վարչության աշխատակիցը։
Վիրաբույժ Միրևայաթ Մութալիբովը ծանր վնասվածք է ստացել անհայտ առարկայի պայթյունի հետևանքով, վնասվածք է ստացել նաև 28-ամյա բուժքույր Ռեյհան Պիրգուլիևան, ով վիրաբույժի հետ նույն սենյակում էր գտնվում։
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Ադրբեջան» գործակալության թղթակիցը, Բաքվի իրավապահ մարմինների աշխատակիցների նախնական տվյալներով, ձեռքի նռնակը գտնվում էր այդ հիվանդանոցի վիբույժ Մութալիբովի գրպանում։ Բժիշկն իր գրպանում ծանր առարկա է գտել և առանց նայելու՝ նետել այն սենյակի անկյունը, ինչի հետևանքով նռնակը պայթել է։ Պայթյունի հետևանքով կոտրվել են հիվանդանոցի պատուհաններն ու սենյակի դռները։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը, վիրաբույժի վիճակը չափազանց ծանր է, հեռացվել է նրա աջ ձեռքը։ Բուժքրոջ վիճակը միջին ծանության է։
Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության և Ղարադաղի շրջանի դատախազության աշխատակիցները։
Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցներն անցկացնում են քննչական միջոցառումներ։ Հիվանդանոցի տարածքը վերահսկվում է ոստիկանության Ղարադաղի շրջանի վարչության կողմից։-0-