Երեք հայկական ֆիլմեր ներկայացված են քրիստոնեական կինոյի «Նևսկի բլագովեստ» փառատոնին

Երեք հայկական ֆիլմեր ներկայացված են նոյեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում բացված քրիստոնեական կինոյի «Նևսկի բլագովեստ» միջազգային փառատոնին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը։
«Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացրել է երեք ֆիլմ՝ «Քրիստոնյա Հայաստան», որը ներկայացնում է հայերի կողմից քրիստոնեության ընդունման պատմությունը, «Սուրբ մյուռոն», որը պատմում է մյուռոնեփության արարողության մասին և «Մյուռոնեփություն» ֆիլմը, որը ներկայացնում է հենց մյուռոն եփելու ընթացքը», - նշվում է տեղեկատվության մեջ։
Մեկ շաբաթվա ընթացքում կցուցադրվեն Ռուսաստանի քրիստոնեական ուղղությունների կողմից ներկայացված ֆիլմեր։
Կինոտոնի շրջանակներում կանցկացվեն «կլոր սեղաններ» և կոնֆերանսներ, երգչախմբային երեկոներ, կբացվի կրոնական թեմաներով լուսանկարչական ցուցահանդես։
Փառատոնի ծրագրում ներառված է 40 ֆիլմ, որոնցից 35-ը վավերագրական է, 4-ը՝ կարճամետրաժ խաղարկային և Էրիկ Տիլի լիամետրաժ խաղարկային «Լյութեր» ֆիլմը։ Ֆիլմեր են ներկայացրել 11 երկրներ՝ Հայաստանը, Ֆինլանդիան, Վրաստանը, Գերմանիան, Իտալիան, Բելառուսը, Բուլղարիան, Սերբիան և նույնիսկ Ավստրալիան։
Փառատոնը արդյունք է քրիստոնեական ուղղությունների միջև համագործակցության: Կազմկոմիտեում ընդգրկված են Ռուս Ուղղափառ, Հռոմի կաթոլիկ, Ավետարանչական-լյութերական, Հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչներ։
Ծրագրում չկան մրցութային ֆիլմեր. մրցակցությունը հակասում է կազմակերպիչների՝ բարեկամության և միասնության գաղափարին։ Ծրագրով նախատեսված են հասարակական, անվճար դիտումներ։ Հանդիսատեսը կարող է անվճար դիտել պետական ստուդիաներում և մասնավոր կինոմիավորումներում նկարահանված ֆիլմերը։-0-