«ՌԻԱ Նովոստին» արևի խավարման ուղիղ հեռարձակում կիրականացնի Նովոսիբիրսկից

01.08.2008, 11:33
«ՌԻԱ Նովոստին» արևի խավարման ուղիղ հեռարձակում կիրականացնի Նովոսիբիրսկից

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը օգոստոսի 1-ին իր http://rian.ru կայքում ուղիղ եթերում կցուցադրի Արևի լրիվ խավարումը։

«Հեռարձակումը կիրականացվի Նովոսիբիրսկից՝ միանգամից մի քանի ուղիներով՝ շենքերի տանիքներին և քաղաքի հասարակական վայրերում տեղադրված հեռադիտակներով, տեսախցիկներով», - տեղեկացրեց Գործակալության լուրերի միավորված խմբագրության ղեկավարի առաջին տեղակալ Նատալյա Լոսևան։

Սիբիրի մայրաքաղաքում խավարումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 16։41-ին (Երևանի ժամանակով ժամը 14։41-ին), իսկ դրա լրիվ փուլը կսկսվի ժամը 17։43-ին (Երևանի ժամանակով ժամը 15.43-ին), այն կտևի երկու րոպեից քիչ ավելի։

Գործակալության ներկայացուցչի խոսքերով, կայքի այցելուները կկարողանան տեսնել երկիր մոտեցող ստվերը, ինչպես նաև մեծացված պատկերով՝ ինչպես է լուսնի սկավառակը ստվերում արևը։

Գործակալությանը Նովոսիբիրսկից ուղիղ եթերի ալիքներից մեկը կտրամադրի Russia Today հեռուստաալիքը, կապի ալիքների մյուս մասը տրամադրել է Նովոսիբիրսկի քաղաքային կայքը։

«ՌԻԱ Նովոստիի» տեխնիկական ծառայությունները կարծում են, որ կայքը կարող է աշխատել ամենաքիչը միանգամից 10 հազ. այցելու ունենալու ծանրաբեռնվածությամբ, դրա համար այն կբաշխվի հինգ տեսասերվերների միջև, տեղեկացրել է Լոսևան։-0-