Ռուսաստանցիները Պուտինին անվանել են տարվա քաղաքական գործիչ, Պլյուշչենկոյին՝ մարզիկ, Աբդուլովին՝ դերասան
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել են տարվա քաղաքական գործիչ, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին՝ տարվա մարզիկ, դերասան Ալեքսանդր Աբդուլովին՝ տարվա դերասան, հաղորդեց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը։
«Հարցումը բաց էր, Պուտինին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 87 տոկոսը»,- Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆյոդորովը։
ՀԿՈՒՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ անցյալ տարի Պուտինին տարվա քաղաքական գործիչ էր անվանել հարցվածների միայն 70 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Երկրորդ տեղում, իսկ դա իսկապես նորություն է, Դմիտրի Մեդվեդևն է (19 տոկոս)»,- նշեց Ֆյոդորովը։
Հաջորդը քաղաքական վարկանիշում Վլադիմիր Ժիրինովսկին է։ Առաջատարների տասնյակում են նաև Սերգեյ Իվանովը, Սերգեյ Շոյգուն, Գենադի Զյուգանովը և Միխայիլ Ֆրադկովը։
Ինչպես հաղորդեց ՀԿՈՒՀԿ ղեկավարը, տարվա մարզիկ արդեն երկրորդ տարին անընդմեջ ռուսաստանցիներն անվանում են Եվգենի Պլյուշչենկոյին։ Հայտնի ռուս գեղասահորդի մարզական ձեռքբերումները և հեռուստատեսային նախագծերին նրա ակտիվ մասնակցությունը գնահատել են հարցվածների 21 տոկոսը։ Առաջատարների եռյակում են նաև գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինը (9 տոկոս) և ֆուտբոլիստ Ռոման Պավլյուչենկոն (7 տոկոս)։
Ռուսասատնցիները տարվա դերասան են համարում Ալեքսանդր Աբդուլովին (9 տոկոս), հաղորդեց Ֆյոդորովը։
Նրա խոսքերով, «Տարվա երաժիշտ» անվանակարգում առաջին տեղը հարցվածները տվել են Դիմա Բիլանին (14 տոկոս), երկրորդը՝ Նիկոլայ Բասկովին, երրորդը՝ Ալլա Պուգաչովային (յուրաքանչյուրը՝ 13-ական տոկոս)։
Տարվա լավագույն գրողներ ռուսաստանցիները համարում են դետեկտիվ գրողներ Դարյա Դանցովային (31 տոկոս), Բորիս Ակունինին (12 տոկոս) և Տատյանա Ուստինովային (10 տոկոս)։
«Նշանակալից է, որ այս տարի ռուսաստանցիների 5 տոկոսը տարվա լավագույն գրող է համարում Ալեքսանդր Սոլժինիցինին, իսկ 2 տոկոսը տարվա գրող են անվանել Դոստոևսկուն»,- ասաց Ֆյոդորովը։ --0—