ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարը դեկտեմբերի համեմատ ավելի տաք է լինելու` չնայած գարնանային եղանակ ակնկալել պետք չէ, ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ջերմաստիճանի տատանումները հունվարին բավական վառ արտահայտված են լինելու: Մեկ ամսում հանրապետության տարածք կներխուժեն ինչպես արկտիկական սառն օդային հոսանքներ Սիբիրից, այնպես էլ տաք արևադարձային հոսանքներ Մերձավոր Արևելքից», - ավելացրեց Սուրենյանը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանի բոլոր մարզերում հունվարին կանխատեսվում են առատ տեղումներ: «Տեղումները կլինեն նորմայից ավելի, ինչպես և դեկտեմբերին», - ավելացրեց Սուրենյանը:
Նրա խոսքով, Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում սառը արկտիկական օդային զանգվածների ներթափանցման օրերին նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին կկազմի 17-20 աստիճան ցուրտ: Միաժամանակ, առավելագույն ջերմաստիճանը, որը կհաստատվի արևադարձային ցիկլոնի ժամանակ, կկազմի 4-5 աստիճան տաքություն (ցերեկային ժամերին):
«Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռներում օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին կանխատեսվում է -25...-30 աստիճանի սահմանում, Աշոցքում, Վարդենիսում և Ապարանում չի բացառվում ուժեղ ցուրտը (մինչև -32…-33 աստիճան): Տաք հոսանքների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը նշված մարզերում կարող է տաքանալ մինչև 3 աստիճան տաքություն», - նշեց Սուրենյանը:
Նա ընդգծեց, որ Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կկազմի -21…-26, առավելագույնը` 3-7 աստիճան տաքություն, Տավուշի մարզում առանձին օրերին առավել նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է -12…-17 աստիճանի սահմանում, առավելագույնը` 5-10 աստիճան տաքության սահմանում:
«Սյունիքի մարզում սառը հոսանքների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -10...-15 աստիճան, իսկ տաք հոսանքների օրերին կտաքանա մինչև 5-10 աստիճան տաքություն», - ավելացրեց Սուրենյանը:
Նա նշեց, որ Երևանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը սառը հոսանքների ներթափանցման օրերին կկազմի -17...-20 աստիճան, իսկ բարձրադիր շրջաններում` -14...-16: «Առավելագույն ջերմաստիճանը Երևանում հունվարին կանխատեսվում է 4-5 աստիճանի սահմանում», - ավելացրեց Սուրենյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում