Խոշոր կաշառք` հիվանդության պատճառով պարտադիր զինծառայությունից ազատելու համար

07.07.2017, 11:28
Ժամկետային զինծառայողից խոշոր գումար են պահանջել ծառայությունից զորացրելու համար։
Խոշոր կաշառք` հիվանդության պատճառով պարտադիր զինծառայությունից ազատելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ժամկետային զինծառայողից խոշոր գումար են պահանջել ծառայությունից զորացրելու համար։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հունիսի 30–ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ:

Վերջինս հոսպիտալում ծանոթացել է մեկ այլ ժամկետային զիծառայողի հետ, ով ասել է, որ զինվորական ծառայությունից ազատվելու համար 2000 ԱՄՆ դոլար է վճարել ոմն Հ. Մ-ի և զինծառայողի մորը ծանոթացրել է այդ անձի հետ։

Կնոջ հետ հանդիպման ժամանակ Հ. Մ.-ն ներկայացել է որպես ՀՀ ՊՆ աշխատակից և ասել, որ կարող է միջնորդել նրա որդուն հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից զորացրելու համար, ինչի համար պահանջել է նախ 4000, այնուհետև` 2500 ԱՄՆ դոլար:

Հուլիսի 3–ին Պն աշխատակից ներկայացած անձը կնոջից 2500 ԱՄՆ դոլար ստանալուց հետո բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Փաստի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խոշոր չափերի Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝) հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: -0-