Խաղողի երկրում խաղողն այս տարի էլ քիչ կլինի

04.07.2017, 11:33
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը խաղողի սակավ բերք է կանխատեսում 2017 թվականին:
Խաղողի երկրում խաղողն այս տարի էլ քիչ կլինի
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը խաղողի սակավ բերք է կանխատեսում 2017 թվականին, երկուշաբթի ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ընթացքում։

Նրա խոսքով, խաղողի սակավ բերքը նախորդ տարի պայմանավորված էր կարկուտով, ցրտահարությամբ և այլն։

«Տարերային աղետները և ցածր բերքատվությունը հիմնականում տարածվել են խաղողի և խնձորի այգիների վրա։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և գնագոյացումը` դա թույլ չի տվել խաղողագործներին անցկացնել անհրաժեշտ սեզոնային աշխատանքները և ավելի արդյունավետ աշխատել 2017 թվականին, հետևաբար, այս տարի նույնպես խաղողի բերքը ցածր կլինի»,– ասաց Առաքելյանը։

Նախարարը միաժամանակ հայտնեց, որ խնդրի լուծումը պետք է համակարգային բնույթ կրի և երկար ժամանակ կպահանջի։

Մասնավորապես, որպես խնդրի լուծում նա նշեց գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը։

«Մենք արդեն պայմանագիր ենք ստորագրել, և 2018 թվականից KfW զարգացման գերմանական բանկի հետ համատեղ փորձնական ծրագիր կսկսենք, որի հաջող իրագործումը թույլ կտա տարածել համակարգը ողջ երկրում»,– ասաց Առաքելյանը։ -0-