Կասեցվել է «Տաշիր պիցցայի» ևս 4 մասնաճյուղի գործունեությունը

19.06.2025, 11:29
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր պիցցայի» ևս 4 մասնաճյուղի գործունեությունը
Կասեցվել է «Տաշիր պիցցայի» ևս 4 մասնաճյուղի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում Վանաձորում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44/6 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:

Մասնավորապես՝ խոհանոցում գտնվող սնունդ պահելու պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները և տանիքների ներքին մակերևույթները վնասված են եղել, չի բացառվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Բացի այդ, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Էրեբունի 14 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

-հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

-առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Բացի այդ, «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:

Այսպես՝

-հանրային սննդի կառույցի առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

-հատակի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն եղել նորոգ վիճակում,

-Սննդամթերքի պահման դուռը և գույքի մի մասը չեն եղել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվ ու ախտահանվել, և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:

-պատերը չեն ունցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Բացի այդ, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

-հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

-սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես,

-սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԱՏՄ–ը կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի  4 մասնաճյուղերի արտադրական գործունեությունը։