Կանխվել է ավտոբուսով խոշոր չափի դեղորայքի` Հայաստան ապօրինի ներկրման դեպք

17.02.2017, 14:52
Պետական եկամուտների կոմիտեն կանխել է մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն:
Կանխվել է ավտոբուսով խոշոր չափի դեղորայքի` Հայաստան ապօրինի ներկրման դեպք
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:

Պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

2016-ի սեպտեմբերին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն արձանագրել է մաքսային կանոնների խախտմամբ դեղերի տեղափոխման 10 դեպք: Մաքսանենգները թաքցրել են, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: -0-