Ի՞նչ տվյալներ են պահվում կենսաչափական անձնագրի չիպում, և հնարավո՞ր է դրանք կարդալ հեռվից․ պարզաբանում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կենսաչափական անձնագրի էլեկտրոնային չիպում պահպանվում են անձնագրի տվյալների էջում նշված տեղեկությունները, ինչպես նաև անձի դեմքի թվային պատկերը։
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ներկայացնելով կենսաչափական անձնագրերի աշխատանքի առանձնահատկությունները։
Ծառայության պարզաբանմամբ՝ անձնագրում տեղադրված էլեկտրոնային չիպը պարունակում է անձի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և դեմքի թվային պատկերը։
Չիպում պահպանվող տվյալներն ընթերցվում են անշփում եղանակով՝ հատուկ սարքի միջոցով։ Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով ընթերցել և ստուգել անձնագրում ներառված տեղեկությունները։
Հնարավո՞ր է անձնագրի տվյալները կարդալ հեռվից
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է, որ չիպի տվյալներին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես ընթերցել անձնագրի տվյալների էջի ստորին հատվածում գտնվող մեքենայաընթեռնելի տողերը։
«Այսինքն՝ անձնագիրը, պարզապես հեռվից մոտենալով, հնարավոր չէ ընթերցել», – նշում են ծառայությունից։

