«Դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես». Փաշինյանն՝ ընդդիմադիր պատգամավորին (ՎԻԴԵՈ)

18.11.2026, 19:45
«Դու գողի սպասարկու ես, դու գողի «աբսլուգ» ես», ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
«Դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես». Փաշինյանն՝ ընդդիմադիր պատգամավորին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բանավեճի ընթացքում կոշտ արտահայտություններով է դիմել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «գողի սպասարկու», «արջ քորող» և «դամաշնիկ բռնող»։

Փաշինյանը հայտարարել է, որ ինքն անձամբ հավատացել է նախկինում իր հնչեցրած հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և հետևել դրանց իրականացմանը։

«Ի տարբերություն ձեզ, ես Ղարաբաղի շարժումը չեմ օգտագործել, որ Երևանի կենտրոնում շենքեր ունենամ, սեփականություն կամ միլիոնատեր լինեմ ձեր շարքում նստած։ Ես զինվորի սնունդը չեմ գողացել ոմանց նման, տարել, մատուցել գեներալ Մանվելին, արջերին», – ասել է Փաշինյանը` դիմելով ընդդիմադիրներին։

Այնուհետև վարչապետը, դիմելով Մանուկյանին, նրան անվանել է «գողի սպասարկու» և ասել, որ պատգամավորը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի սպասարկուն։

«Այո, դու ես գողացել։ Դու գողի սպասարկու ես, դու գողի «աբսլուգ» ես, դու ավելի վատն ես։ Դու «արջ քորող» ես, դու ավելի վատն ես։ Դու «կոստյում բռնող» ես, դու «կոշիկ բռնող» ես, դու «դամաշնիկ բռնող» ես, դու ստնտու ես, դու ավելի վատն ես։

Գաղտնիք կա՞, որ Մեսրոպ Մանուկյանը եղել է Մանվել Գրիգորյանի «աբսլուգը»։ Գաղտնիք կա՞ ըտեղ։ Կա՞ Հայաստանի Հանրապետությունում մի մարդ, որ սրա մասին չգիտի։ Մի հատ էլ գալիս է հոխորտում՝ կոռուպցիա բան... Կոռուպցիա ասելիս քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ։ Գեներալ Մանվելի տարածներին նայի հայելու մեջ։ Էդ որ խոսում ենք գերիների մասին, լացակումած, վիդեոները հիշեք՝ մարդկանց վզներից «ժնջիլ» գցած», - հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության բացակայության մասին ընդդիմադիրների հայտարարություններին՝ Փաշինյանը հակադարձել է, որ ժողովրդավարության բացակայության դեպքում Մանուկյանն ու մյուսները չէին լինի խորհրդարանում։