Հիմա միայն մեր ճակատագիրը չէ որոշվում. Սամվել Կարապետյանի դուստրը կոչ է արել հավաքվել Քննչական կոմիտեի մոտ

18.06.2025, 13:41
Սամվել Կարապետյանի դուստր  Տաթևիկ Կարապետյանը կոչ է արել հավաքվել Քննչական կոմիտեի շենքի մոտ
Հիմա միայն մեր ճակատագիրը չէ որոշվում. Սամվել Կարապետյանի դուստրը կոչ է արել հավաքվել Քննչական կոմիտեի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ։

Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է։ Բայց այսօր մեզ միայն խոսքեր չեն պետք։

Մեր ընտանիքը միշտ եղել է մեր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել և պահպանել ենք արդարությունը։

Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքում։

Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք միայնակ չենք։

Հիմա միայն մեր ճակատագիրը չէ որոշվում. ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության»։

Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։

Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։

«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։  

Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։

Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։  

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։