ՀՀ–ում կստեղծվի հանձնաժողով՝ Իրկուտսկից ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՌԴ Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով կստեղծվի հանձնաժողով՝ որպես խորհրդակցական մարմին։
Համապատասխան որոշմամբ կհաստատվեն հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը։
Հանձնաժողովի նախագահը պետք է ապահովի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետին։
ՀՀ առողջապահության նախարարը պետք է ապահովի հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակի հանձնաժողովի քարտուղարին։
Իր իրավասությունների և նշված կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակում պետք է ապահովվի հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվության, ռիսկի գնահատումների և արձագանքման առաջարկությունների ներկայացումը։
Հանձնաժողովում ներկայացված մարմինների և կազմակերպության ղեկավարները որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին պետք է ներկայացնեն հանձնաժողովում իրենց մարմինը ներկայացնող պաշտոնատար անձի, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատու անձի և նրան փոխարինող անձի տվյալները, պաշտոնական կապի միջոցները, իսկ դրանց փոփոխության դեպքում՝ անհապաղ թարմացնեն այդ տեղեկատվությունը։
Հանձնաժողովի նախագահը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում պետք է գումարի հանձնաժողովի առաջին նիստը՝ ՌԴ Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատման, կանխարգելման միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։
Ռուսաստանում ժանտախտի թոքային ձևի կասկածով մահվան դեպքի մասին
Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանում գրանցվել է մահվան դեպք՝ ժանտախտի թոքային ձևի կասկածով։ Մահացածը տեղի բնակչուհի է և ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժանտախտային ծառայության աշխատակից։
Վարակվածի հետ սերտ շփում ունեցած շուրջ 200 մարդ մեկուսացվել և հոսպիտալացվել է՝ հնարավոր վտանգը կանխելու նպատակով։
Նախնական վարկածի համաձայն՝ վարակումը կարող էր տեղի ունենալ լաբորատոր պայմաններում՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող սրվակը։
ԸՍՏ ՀՎԿԱԿ-ի` մահվան վերջնական պատճառը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, համապատասխան լաբորատոր հետազոտություններն ու փորձաքննություններն ընթացքի մեջ են։

