ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Երևանում ոստիկանական բաժանմունքի զավթման վերաբերյալ

17.07.2016, 16:10
Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին նոր մանրամասներ է հայտնել ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի զինված զավթման վերաբերյալ։

ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Երևանում ոստիկանական բաժանմունքի զավթման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին նոր մանրամասներ է հայտնել ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի զինված զավթման վերաբերյալ։

«Այսօր առավոտկան ինքնաձիգներով և ատրճանակներով զինված մի խումբ անձինք զավթել են պարեկապահակային ծառայության գնդի շենքը։ Հարձակման ժամանակ սպանվել է գնդապեը Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել փոխգնդապետներ Արամ Հովհաննիսյանը, Հրաչյա Խոսթեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը»,– ասաց նա։

Պողոսյանը հայտնեց նաև, որ շենքը զավթած անձինք բռնի ուժոց պատանդ են պահում ոստիկանության աշխատակիցների։ Նա հայտնեց նաև, որ հարձակվողների թվում տուժածներ չկան։

Նա հաստատեց, որ պատանդների թվում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է։

Պողոսյանի խոսքով, առաջին իսկ րոպեներից զինյալների հետ բանակցություններ են տարվում, նրանց հորդորում են հրաժարվել հանցավոր մտադրություններից և հանձնվել իշխանություններին։

«Հակառակ դեպքում ոստիկանություններն ուժ և միջոցներ ունի նրանց վնասազերծելու համար։ Ոստիկանությունը կանխարգելիչ և օպերատիվ միջոցներ է ձեռնարկում, և եթե մեր կոչերը չլսվեն, ապա մենք ընդունակ ենք վնասազերծել նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,– ընդգծեց նա։

Պողոսյանի խոսքով, ոստիկանությունը դեռևս հույս ունի խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

«Նրանց միակ պահանջը Ժիրայր Սեֆիլյանին ազատելն է, այլ պահանջներ նրանք չունեն»,– ավելացրեց Հայաստանի փոխոստիկանապետը։

Պատասխանելով այն հարցին` թե, արդյո՞ք, նրանց պահանջը կբավարարվի, նա պատասխանեց. «իհարկե, ոչ»։

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Ըստ ստացված տվյալների` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-