ՀՀ ԱԳՆ-ն չի պատասխանել Բաքվում գտնվող հայ գերիներին հումանիտար առաքելության այցելության վերաբերյալ հարցմանը․ Ռուբեն Վարդանյանի կին

06.11.2026, 20:47
ՀՀ ԱԳ նախարարությունը մինչ օրս չի պատասխանել Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին կանանց միջազգային հումանիտար պատվիրակության այցելության կազմակերպման հարցում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու մասին գրավոր հարցմանը,  հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար՝ Ռուբեն Վարդանյանի կինը
ՀՀ ԱԳՆ-ն չի պատասխանել Բաքվում գտնվող հայ գերիներին հումանիտար առաքելության այցելության վերաբերյալ հարցմանը․ Ռուբեն Վարդանյանի կին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչ օրս չի պատասխանել Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին կանանց միջազգային հումանիտար պատվիրակության այցելության կազմակերպման հարցում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու մասին գրավոր հարցմանը։

Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ գրավոր հարցումը դեռևս անպատասխան է մնում։

Զոնաբենդը նշել է, որ կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը

«Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող ենթարկել», - ասված է նոյեմբերի 6-ի նրա հայտարարության մեջ։

Զոնաբենդի փոխանցմամբ՝ տարբեր երկրներից նախաձեռնությանը միացել են իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ էին այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։

Նա հայտնել է, որ 2026 թվականի հունիսից ի վեր բազմիցս դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով այցելության տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ։ Սակայն, նրա խոսքով, այդ դիմումներին նույնպես պատասխան չի ստացվել։

Զոնաբենդը մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ՝ Բաքու ժամանելու դեպքում իր հնարավոր ձերբակալության մասին։ Նա նաև հայտարարել է, որ օգոստոսի 25-ից Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանը նրան տեսակցելու հնարավորություն չունի։

Զոնաբենդի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը զարգանում են, հայկական պատվիրակություններն այցելում են Ադրբեջան։ Սա վկայում է, որ առկա են բոլոր նախադրյալները մարդասիրական այց կազմակերպելու համար, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում։

Զոնաբենդը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանն է փոխանցվել հայ գերիների համար հավաքված 1254 նամակ՝ Բաքու դրանց հասցնելուն աջակցելու խնդրանքով։

Նա ընդգծել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը մնում է բանտարկյալների՝ ընտանիքների հետ կապի վերականգնումը և հարազատների հետ հանդիպումների կազմակերպումը։

«եր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը տուն վերադառնան։ Մենք գիտակցում ենք, որ այս ճանապարհը կարող է երկար լինել, բայց հավատում ենք, որ այն կհանգեցնի արդարացի լուծման», - հայտարարել է Զոնաբենդը։

Նրա խոսքով՝ հումանիտար նախաձեռնության մասնակիցները մտադիր են շարունակել աշխատանքը՝ չնայած հնարավոր բարդություններին և գործընթացի տևականությանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն է հայցել ՀՀ ԱԳՄԱ մամուլի ծառայությունից այս հարցի վերաբերյալ։

Բաքվում գտնվող հայ գերիների մասին

2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին։

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20-ական տարվա ազատազրկման։ Փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման դատապարտվեց նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանությունը մերժեց մեղադրանքները և հայտարարեց արդար դատաքննության սկզբունքի խախտման մասին։

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց պահվող չորս անձանց՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։

Հայկական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանում մնում են շուրջ 20 հայ բանտարկյալներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչները։ Պահվող բոլոր հայերի ստույգ թվաքանակը շարունակում է տարամետ կարծիքների առարկա մնալ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների վերջին այցելությունը հայ բանտարկյալներին տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 24–25-ին։ 2026 թվականին նոր այցելություններ չեն իրականացվել։