Հայկ Գրիգորյանը` Հայաստանի քննչական կոմիտեի նոր նախագահ

Ընդունված որոշման կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգորյանին այդքան պատասխանատու կարգավիճակի և նշանակման առիթով։
«Օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարը պետք է առաջնահերթ դառնան ձեզ համար։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ այդ հարցերի լուծման ժամանակ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականության այլ ասպեկտները։ Չարաշահումների դեմ պայքարում մենք 100 տոկոսով պետք է ապահովենք օրինականությունը, որպեսզի ոչ մի դեպքում հնարավոր չլինի այլ գնահատական տալ իրավապահ մարմինների գործողություններին»,– ասաց Փաշինյանը։
Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստել է, որ գործընկերների հետ կարդարացնի այդ վստահությունն իր լիազորություններն իրագործելիս։
Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականին Երևանում։ 1994 - 1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը:
2001 - 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2010 -2011 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ:
2011 - 2014 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ:
2014թ. - 2015 թվականի հունվարի 14-ը - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:
2015 թվականի հունվարի 14–ից մինչև 2018 թվականի հուլիսի 10–ը եղել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: -0-