Ի՞նչ ախտանշաններ ունի Արևմտյան Նեղոսի տենդը․ ԱՆ–ն անդրադարձել է կանխարգելման կանոններին

04.06.2025, 19:06
Հունիսի 3–ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 1 դեպք
Ի՞նչ ախտանշաններ ունի Արևմտյան Նեղոսի տենդը․ ԱՆ–ն անդրադարձել է կանխարգելման կանոններին

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է տեղեկատվություն Արմտյան Նեղոսի տենդի մասին։ 

Նշենք, որ հունիսի 3–ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 1 դեպք։ 

Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է: 

Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր: 

Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝

  • սաստիկ գլխացավ

  • գլխապտույտ

  • տենդ

  • մկանացավ

  • սրտխառնոց

  • փսխում

  • մաշկի ցանավորում 

Ինչպե՞ս կանխարգելել 

  • Օգտագործել հակամիջատային ցանցեր

  • Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր

  • Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս

  • Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք

Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության: 

Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: 

«Հաշվի առնելով հիվանդության սեզոնականությունը՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ամիսներ առաջ, ըստ ընթացքակարգի, իրականացրել է իրազեկման աշխատանքներ բուժաշխատողների և բնակչության շրջանում», – նշել են գերատեսչությունից։