«Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն»․ Փաշինյան

04.06.2025, 12:45
Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն
«Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն»․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները», – նշեց նա այսօր ԱԺ–ում 2024թ․–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Փաշինյանն ընդգծեց, որ հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է։

«Որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո», – ասաց նա։

Եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները

Փաշինյանը մայիսի 29–ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է․ «Մեր եկեղեցիները չուլանացված են»։

«Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ ՊՈԱԿ։ Մենք խնդիր դնո՞ւմ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են»,- ասել է նա։

Մայիսի 30-ին վարչապետը մի քանի գրառումներ արեց իր Facebook–յան էջում՝ արձագանքելով հասարակությունում, այդ թվում՝ հոգևորականության շրջանում, եկեղեցիների վերաբերյալ իր հայտարարությունների քննադատությանը։ Փաշինյանն նաև արել է հետևյալ արտահայտությունը․ ««Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նա նաև գրել է․ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևւէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»։

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Հակոբյանն իր հերթին նշել է, որ եկեղեցիների «չուլանացման» մասին Փաշինյանի խոսքերը ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն են, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված մի կառույցի, որը դարերի ընթացքում եղել է մեր ժողովրդի հոգևոր լույսն ու ազգային տոկունության աղբյուրը։ Նա ընդգծել է, որ եկեղեցին երբեք շքեղության վայր չի եղել, բայց միշտ եղել է հավատքի, մխիթարության և ազգային հավաքականության սուրբ օթևան։ Եվ այդ օթևանը երբեք չի կարող «չուլան» դառնալ, քանի դեռ նրա պատերը ամրացած են հավատավոր ժողովրդի սրտերում։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է և նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնդելի ծանրագույն հանցանք։