Հայերը եվրոպացիներից պակաս են գինի խմում

14.12.2015, 20:10
Հայերը քիչ են գինի խմում` տարեկան մեկ շնչին բաժին է ընկնում մոտ 3-4 լիտր:
 Հայերը եվրոպացիներից պակաս են գինի խմում
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայերը քիչ են գինի խմում` տարեկան մեկ շնչին բաժին է ընկնում մոտ 3-4 լիտր, երկուշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Ըստ նրա, օրինակ, եվրոպական երկրներում գինու օգտագործման մշակույթն ավելի զարգացած է` եվրոպացին տարեկան միջինը խմում է մոտ 30-40 լիտր գինի։

Նա նշեց, որ տվյալ մշակույթը երկրում զարգացնելու համար նախարարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում, որոնց թվում է գինու փառատոն համտեսը, որն անցկացվեց Երևանում նոյեմբերի 28-29–ին և որի ընթացքում արտադրողները կարողացան իրենց արտադրանքը ներկայացնել բոլոր ցանկացողներին։

Գինու տոնավաճառ–համտես անցկացվեց Երևանի կենտրոնում>>

«Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք փորձում ենք զարգացնել սպառողների` գինու օգտագործման մշակույթը և խրախուսել հայրենական արտադրությունը»,– ասաց Մակարյանը։

Նա նշեց, որ անցկացվող քաղաքականության շրջանակում շուտով կմեկնարկի գինու օգտակար որակների և Հայաստանում գինեգործության պատմական արմատների վերաբերյալ հաղորդաշար` բնակչության իրազեկությունը և երկրում գինու սպառման ծավալներն ավելացնելու համար։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, գինու արտադրության ծավալները 2015 թվականի 9 ամիսների ընթացքում 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով` կազմելով 3 999 հազար լիտր։

Ինչպես կարծում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, հայ բնակչությունը շատ քիչ է գինի խմում` բնակչության մեկ շնչին տարեկան ընդամենը 5.3 լիտր, ռուսները` 11.4 լիտր, ֆրանսիացիները` 56, իտալացիները` 65։ Հայերը դարձել են մի ժողովուրդ, ով հիմնականում թունդ խմիչք է օգտագործում, մասնավորապես, օղի, և դա խորհրդային անցյալի, ինչպես նաև մեզանում արմատացած ռուսական մշակույթի ժառանգություն։ -0-