Երևանի կենտրոնում գինու համտես–տոնավաճառ է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Երևանում գինու համտես–տոնավաճառ է մեկնարկել։
Այս աստվածային խմիչքի տոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում նոյեմբերի 28–29–ը։
Միջոցառման նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում։
Տոնավաճառին մասնակցում է մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը:
«Նոյեմբերի 20–ին Գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Մեր փոխգործակցությունը սկսվել է դեռ 2011 թ.–ին, երբ համատեղ ջանքերով Երևանում կազմակերպվել են գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ, որոնք բավականին հաջողված են», – լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Նա ավելացրեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև 2016 թ.–ին, ինչի շրջանակում կկազմակերպվեն գյուղատնտեսական արտադրանքի նոր համտես–տոնավաճառներ։
«Նմանատիպ նախաձեռնությունների հիմնական նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը։ Նման միջոցառումները նաև կարևոր են զբոսաշրջության զարգացման տեսակետից, քանի որ հարկավոր է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայացնել մեր հայրենական արտադրանքը», – ընդգծեց Մակարյանը։
Նա նաև նշեց, որ վերջին ինը ամսվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 4 մլն լիտր գինի, և հիմա քայլեր են ձեռնարկում սպառման նոր շուկաներ փնտրելու և արտահանումն ընդլայնելու ուղղությամբ։–0–