Հայ երգչուհու և ադրբեջանցի տենորի միջև սկանդալը հանգուցալուծվել է. Ռուզան Մանթաշյանը կերգի Դրեզդենում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի և հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի միջև սկանդալը, որը գնալով ավելի ու ավելի մեծ հնչեղություն էր ձեռք բերում, այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում էր։
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու ռուսաստանաբնակ գրող և բլոգեր հայազգի Նարիներ Աբգարյանն իրենց Facebook–յան էջերում հաստատել են լուրն այն մասին, որ Ռուզան Մանթաշյանը վերահրավիրվել է և երգելու է Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը։
«Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից»,– գրել է Հասմիկ Պապյանն իր Facebook–յան էջում։
Հասմիկ Պապյանն այդ թվում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այս օրերին սատարել են Ռուզան Մանթաշյանին։
Հավելենք նաև, որ նախօրեին Semper Opernball–ի պաշտոնական Facebook–յան էջը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուզան Մանթաշյանը հրավիրվել է արարողությանը և երգելու է։
Հիշեցնենք, որ այս շրջանում լուրեր էր տարածվել, որ ազգությամբ ադրբեջանցի, օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։ Ինչից հետո Էյվազովը հերքում է այդ լուրերը, իսկ Semper Opera Ball–ը տեղեկություն տարածում, թե հայ երգչուհուն անգամ չի հրավիրել։ Սակայն Ռուզան Մանթաշյանին ներկայացնող գործակալությունը տարածում է հաղորդագրություն, որտեղ ներկայացնում է Դրեզդենի Semper Opera Ball–ի կողմից երգչուհուն ուղարկված հրավերը` հանդես գալու Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը, ինչից հետո հրավերը չեղարկվել է։ Ռուզան Մանթաշյանն ու Յուսիֆ Էյվազովը հրաժարվել են մեկնաբանություն տալ կատարվածի շուրջ։ –0–